Ի՞նչ համաձայնագիր է ստորագրելու Փաշինյանը Սինգապուրում

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել Հայաստանի ու Սինգապուրի միջև համաձայնագրի նախագիծը։ Այն նախատեսվում է ստորագրել ՀՀ վարչապետի այցի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հայաստանն ու Սինգապուրը կբացառեն եկամուտների կրկնակի հարկումը։ Այս մասին համաձայնագրի նախագիծն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի սինգապուրյան և վիետնամական այցերի օրակարգը

«Համաձայնագրի ստորագրմամբ հնարավոր կլինի բացառել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, խթանել ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային ռեժիմ, ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ սինգապուրյան ներդրողների համար»,– ասաց նախարարը։

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուր այցի շրջանակներում։

Հայաստանն այժմ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր ունի 46 երկրների հետ, ևս 6 –ը նախաստորագրված են։