ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 2 մարդ է դանակահարվել։
Sputnik Արմենիայի տվյալներով` նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն տեղափոխված դանակահարված 23-ամյա երիտասարդը Զառիթափ համայնքի ղեկավարի որդին է։ Հարվածել են նրա կրծքավանդակին` առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Երիտասարդը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Նախնական տվյալներով՝ նա ընկերների հետ մեքենայով ընթացել է Երևան-Մեղրի ճանապարհով։ Այդ ընթացքում նրանց և երթևեկության մասնակից մեկ այլ վարորդի միջև վեճ է սկսվել։ Վեճի ժամանակ վարորդներից մեկը, որը Գետափ գյուղում ապրող 34-ամյա տղամարդ է, դանակով հարվածել է Զառիթափի համայնքապետի որդուն։
Վիճաբանության ընթացքում դանակահարվել է նաև երիտասարդին դանակահարած տղամարդու կինը, որը հոսպիտալացվել է Եղեգնաձորի հիվանդանոց։ Նրա վնասվածքը ազդրին է։ Ոստիկանները 34-ամյա տղամարդուն բռնել են ու բերման ենթարկել։
Ըստ լուրերի՝ տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։ Իրավապահները պարզում են միջադեպի մանրամասները, այդ թվում՝ ինչ հանգամանքներում է դանակահարվել հիվանդանոց տեղափոխված կինը։