Ռոհանին Հայաստանին առաջարկել է փոխադարձ առևտուրն անել ազգային արժույթով

Իրանի նախագահը պարզաբանել է` ինչ շահեր կունենա Հայաստանը ազգային արժույթին անցնելու դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով։ Այս մասին, IRNA  գործակալության փոխանցմամբ, նա ասել է Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահը կարևորել է Թեհրանի ու Երևանի միջև բանկային համագործակցությունը` ընդգծելով, որ փոխադարձ հաշվարկների դեպքում ազգային արժույթի օգտագործումը կհանգեցնի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանը։

Հայաստանը գլոբալ գործընթացների կենտրոնում է. Արզումանյանը՝ Իրանի և Վրաստանի վերաբերյալ

Նրա խոսքով` Թեհրանը վճռական է Երևանի հետ քաղաքական ու տնտեսական ոլորտում հարաբերությունները զարգացնելու հարցում։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, մենք ուզում ենք, որ դրանք էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան», – ասել է Ռոհանին։

Նա նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, մասնավորապես` Հայաստանի հետ։ Միաժամանակ Իրանի նախագահը կարևորել է համատեղ նախագծերի իրականացման արագությունը` երկկողմանի հարաբերություններն ընդլայնելու համար։

Ռոհանին հիշեցրել է նաև, որ այս տարվա հունիսին Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ–ի հետ ազատ տնտեսական գոտում մասին համաձայնագիրը` ավելացնելով, որ այն լավ հնարավորություն է Իրանի ու միության անդամ երկրների համագործակցությունն ընդլայնելու համար։