Նիկոլ Փաշինյանը կոչումներ է շնորհել բարձրաստիճան պաշտոնյաներին

Զինվորական կոչումների ու արդարադատության դասային աստիճանների արժանացած պաշտոնյաների թվում են Օսիպյանը, Վանեցյանը, Արթուր Դավթյանն ու Սասուն Խաչատրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ կոչումներ է շնորհել Հայաստանի մի շարք պաշտոնյաների։ Այս մասին նա հայտնել է Faecbook սոցիալական ցանցի իր էջում։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին`գեներալ-մայորի, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ։

Վարչապետի որոշմամբ`ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ու ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին էլ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո:

Հայաստանի սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին։