ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փարիզի և Բաքվի ռազմական համագործակցության հնարավորությունը

ԱԳՆ–ում հուսով են, որ Ֆրանսիան կշարունակի պահպանել նախկինում հայտարարած էմբարգոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանը հուսով է, որ ֆրանսիական զենքը Արցախում չի կիրառվի։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա նաղդալյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Paris Air Show-2019–ի շրջանակում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու Nexter սպառազինության և ռազմատեխնիկայի ֆրանսիացի արտադրողը քննարկել են անվավոր զրահատեխնիկայի համատեղ արտադրությանն առնչվող հարցեր։

Նաղդալյանի խոսքով` տարածաշրջանում սպառազինության մրցապայքարի հարցը ՀՀ ԱԳՆ մշտական ուշադրության կենտրոնում է։ Դա վերաբերում է նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համագործակցության հարցին։

«Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Փարիզն ի տարբերություն այլ երկրների խիստ պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները։ Բացի այդ, նրա խոսքով, Ֆրանսիան Ադրբեջանին այնպիսի զենք չի վաճառի, որը կարող է կիրառվել Արցախում», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` կարևոր է, որ Ֆրանսիան հետևողական լինի այդ հարցում և չհամագործակցի Ադրբեջանի հետ, ինչը կխախտի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, ինչպես նաև բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա։