ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ալավերդիում բողոքի լուրջ ակցիա է հասունանում, որի պատճառն Ալավերդու պղնձաձուլական գործարանի` մոտ 200 աշխատակցի ազատումն է աշխատանքից։ Այս մասին գրում է «Փաստը»։
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին և երկաթգիծը։
«Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից: Բողոքի ակցիաների հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում»,– գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով` առաջիկայում Ալավերդիում և հարակից գյուղերում պղնձաձուլարանի և Թեղուտի փակման հետ կապված լուրջ զարգացումներ են սպասվում:
Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, և բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։ 2018 թվականի փետրվարից դադարեցվել են նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատանքները (գործարանն ու հանքավայրը պատկանում են «Վալլեքս» ընկերությանը)` պոչամբարների անվտանգությունն ուսումնասիրելու համար։ Աշխատանքը դադարեցնելու հետևանքով ի հայտ են եկել վարկերը մարելու խնդիրներ։
«Վալլեքս» ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանը որոշել էր պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցներին չզրկել աշխատավարձից և հայտնել, որ նրանք մինչև փետրվար դեռ որոշակի գումար կստանան։ Պղնձաձուլարանի վերագործարկումը պահանջող աշխատակիցներն էլ փետրվարի 15-ին փակել էին գործարանի մոտակայքով անցնող միջպետական երկաթուղին։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Գործարանի աշխատակիցներն ի վերջո համաձայնել էին ազատել երկաթգիծը