Ադրբեջանը Հայաստանին երաշխիքներ չի տվել Բաքվում անցկացվող նիստին մասնակցելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ–ի քարտուղարությունը Երևանին տեղեկացրել է, որ միջոցառումից երկու օր առաջ Բաքուն լրացուցիչ երաշխիքներ չի ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ադրբեջանը խոչընդոտում էր ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին Հայաստանի մասնակցությունը։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հունիսի 30-ից Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը։

«Հայաստանը հրավեր էր ստացել մասնակցելու որպես դիտորդ այլ երկրների թվում։ Մենք դիմեցինք ՅՈՒՆԵՍԿՕ–ին ընդունող կողմից հայկական պատվիրակության անվտանգության հարցում լրացուցիչ երաշխիքներ ստանալու համար», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` հարցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ միայն հայկական քաղաքացիություն ունեցող, այլև հայկական ծագում ունեցող մարդիկ Ադրբեջան մուտք գործելու խնդրին են բախվում։

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փարիզի և Բաքվի ռազմական համագործակցության հնարավորությունը

Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառմանը։

«Այդպիսով, Ադրբեջանը խոչընդոտեց, որ հայկական կողմը մասնակցի միջոցառմանը», – ասաց Նաղդալյանը` նշելով, որ դա կարող է վատ նախադեպ դառնալ։

Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ։