«Ջրի մաֆիա», թե՞ «անբարեխիղճ սպառողներ». ոռոգման համակարգում ստվերը վերանո՞ւմ է

Ջրօգտագործողներն ավելանում են, ոռոգման ջրի պակասը` նվազում: Ոլորտի պատասխանատուները ենթադրում են, որ սա ստվերի կրճատման արդյունք է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Ոռոգելի տարածքները Հայաստանում ավելացել են, ոռոգման ջրի օգտագործումը նվազել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

Նրա խոսքով` այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 7100 հա նոր ոռոգվող տարածքներ են ավելացել, կնքվել է լրացուցիչ 920 պայմանագիր, բայց օգտագործողներին տրվող ոռոգման ջրի քանակը նվազել է շուրջ 30 մլն խմ-ով:

Սա, Վարդան Մելքոյանի խոսքով, թույլ է տալիս ենթադրել, որ նախկինում ստվերում գտնվող տարածքներն այս տարի դուրս են եկել ստվերից:

«Այս փաստերը փոխանցվել են իրավապահներին: Ուսումնասիրությունից հետո իրական պատկերը պարզ կլինի»,- ասաց Մելքոյանը:

Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանի բնորոշած «ջրի մաֆիա» արտահայտության հետ պաշտոնյան այնքան էլ համաձայն չէ: Ավելի շատ հակված է նման ջրօգտագործողներին կոչել «անբարեխիղճ սպառողներ»:

Ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ լուծել չի լինում. ի՞նչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

Լրագրողների հարցերին, թե ինչ նախկին պաշտոնյաներ կան նրանց շարքերում, Վարդան Մելքոյանը պատասխանեց, որ նման փաստերով կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում, բայց նախկին պաշտոնյաներն այդ գործերում անձամբ հանդես չեն գալիս:

«Նախկին պաշտոնյաները հիմնականում իրենց անուններով չեն իրականացրել այդ գործունեությունը: Կան տարբերակներ, որտեղ իրենց հետ շաղկապված ընկերների, բարեկամների անուններով են գրանցված, բայց հենց նախկին պաշտոնյաների անուններով չկան»,- ասաց նա:

Անդրադառնալով ոռոգման ջրի պահանջարկին` Վարդան Մելքոյանը հայտնեց, որ կապված վերջին շաբաթվա անձրևային եղանակի հետ, Սևանա լճից լրացուցիչ ջրառը դադարեցվել է: Իսկ հայաստանյան ջրամբարներում ներկա պահին նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 41 մլն խմ ավելի ջուր կա:

Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում

Ընդ որում, ոռոգման սեզոնին կատարվող բացթողումների արդյունքում այս թիվը տատանվում է. 1 ամիս առաջ դրանցում նախորդ տարվա համեմատ շուրջ 100 խմ ավելի ջուր կար, բայց ոռոգման սեզոնը սկսվեց և ջուրը սկսեց սպառվել: