Ազնիվ չես ինքդ քո և անցածդ ուղու հանդեպ. Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` ժամանակն իր գնահատականը կտա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին»։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն` ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի։

Երեկ Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի ընտրություններին և նշել, որ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանն ընտրություններին պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։

«Դե, իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության, պետության և իրավահավասարության անխոնջ զինվորը»,–գրել է նա։

Ներքին խմորումներ Փաշինյանի թիմում. ուր են տանում Սասուն Միքայելյանի քայլերը

Որպես հետգրություն` Պետրոսյանը գրել է նաև, որ լրատվամիջոցների գործընկերներից ներողություն է խնդրում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել.«Այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն անդրադարձել էր Աբովյանի ընտրություններին` նշելով, որ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանն ընտրություններին պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։

«Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն` ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել, ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված թեկնածուն պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել»,– ասել էր նա։

Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը. պատասխանում է Արարատ Միրզոյանը

Հունիսի 8–ին Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություն էր անցկացվել, որի արդյունքում հաղթել էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։