ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայ և ռուս բժիշկները միասին անվճար օգնություն են ցուցաբերում սիրիական բանակի պահեստային զինվորականներին, որոնք տուժել են ահաբեկիչների դեմ մարտական գործողությունների ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ռուս զինվորականները Հալեպում հաշմանդամի սայլակներ են նվիրել 17 սիրիացի պահեստային սպաների։ Հալեպի ռազմական հոսպիտալի պետ Ֆաիզ Այուբին գնահատել է գործընկերների և ընկերների ավանդը բուժհաստատության զարգացման գործում։
Հոսպիտալի բժիշկներին հիվանդների սպասարկման հարցում օգնում են նաև հայ գործընկերները` վիրաբույժները, համաճարակաբանը և լաբորատոր մասնագետները։
«Շատ լավ համագործակցություն է հաստատվել։ Օգնում ենք այն ամենով, ինչով կարող ենք։ Ամեն օր առավոտից կեսօր աշխատանքային ժամերն անցկացնում ենք այստեղ։ Շատ հիվանդներ կան, որոնք օգնության կարիք ունեն», – պատմել է վիրաբույժ Արամ Մուրադյանը։
Այժմ հոսպիտալում արդեն այդքան շատ չեն ծանր վնասվածքներով հիվանդները, ինչպես եղել է Հալեպում ակտիվ մարտական գործողությունների ընթացքում։ Այդ ժամանակ վիրահատարաններն ամբողջ օրը զբաղված են եղել, իսկ այսօր օրական մի քանի մարդու են սպասարկում։
«Մենք պաշտպանում էինք հայրենի քաղաքը, ահաբեկիչների դիրքերից հակատանկային նռնականետից կրակեցին հենց իմ կողմը։ Հրաշքով փրկվեցի, բայց մնացի առանց ոտքի և ձեռքիս մատի», – ասել է պահեստային կապիտան Ալի Տահան։
Հայ ռեժիսորը Սիրիայում XXI դարի բարբարոսների մասին ֆիլմ է նկարահանում
83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել:
Սակրավորին տեղափոխել էին Մոսկվա, որտեղ նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել։