Ի՞նչ վիճակում է Թբիլիսիում տուժած հայ տղամարդը. դեսպանատունը մանրամասներ է հայտնում

Դիվանագետները հանդիպում են ունեցել հիվանդանոցի գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Թբիլիսում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է, շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը` տեղեկացնելով, որ դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց և զրուցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ:

Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը գլխի շրջանում վնասվածքներ էր ստացել հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել։

«Բժիշկները հայտնել են, որ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և նա այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և խոստանում է Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ հայտնել։

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Ինչով կարող է Հայաստանը գրավել Վրաստանից «զրկված» ռուսաստանցիներին

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել: