«Ես Աննան եմ` Նիկոլի կինը». վարչապետի տիկինը խոսել է հայկական մամուլի մասին

Աննա Հակոբյանն իր ելույթում ասել է, որ լրատվամիջոցներից շատերը գրեթե ամենօրյա ռեժիմով իր ու իր ընտանիքի մասին մերկապարանոց ստեր են տարածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետի կինը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, լրատվության դաշտում գոյություն ունեցող ցանկացած խնդիր իր անձնականն է համարում։ Նա այս մասին ասել է այսօր Լիբանանում, հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողության ժամանակ։

Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Վիետնամ և Սինգապուր

Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։

«Մամուլն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և հայ մամուլը, այսինքն հայաստանյան մամուլը և աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում գործող մամուլը չէր կարող անմասն մնալ համաշխարհային այս պրոբլեմից»,– ասել է նա` հույս հայտնելով, որ համաժողովի մասնակիցներին կհաջողվի վեր հանել ամենախորքային խնդիրները, քննարկել դրանք, լուծումներ գտնել։

«Նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը, համացանցի սփռվածության սահմանների ընդլայնումը, որպես դրա հետևանք՝ սոցիալական ցանցերի՝ ավանդական մամուլին փոխարինելու, ինֆորմացիայի տարածման և ստացման ամենաօպերատիվ և հիմնական աղբյուր դառնալու հավակնությունները տենդենցներ են, որ մեզ ուղեկցելու են առաջիկա տասնամյակների ընթացքում և լավ կլիներ, եթե մենք կարողանայինք որպես մեկ համայնք, որպես միևնույն արժեքը կիսող և միևնույն նպատակին ծառայող համքարություն միասին և կազմակերպված արձագանքել այս մարտահրավերներին»,– ասել է Աննա Հակոբյանը:

«Իսկապես, անչափ «ճոխ, շենշող» տարեդարձ ենք նշել. Աննա Հակոբյանը լուսանկարներն է հրապարակել

Նա նաև համոզմունք է հայտնել, որ չնայած բոլոր տեսակի տեխնոլոգիական զարգացումներին, մամուլի կոչումը մնում է նույնը՝ վստահելի տեղեկատվության հայթայթումն ու տարածումը։

«Հայաստանյան մամուլի մասին կարող եմ միանշանակ ասել, որ վերը նշված արժեքները վաղուց արդեն դադարել են նորաձև լինել մեր լրատվամիջոցների համար։ Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է, այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին»,– ասել է Հակոբյանը` հավելելով, որ դրա հիմնական ու օբյեկտիվ պատճառը ֆինանսավորման աղբյուրներն են։

«Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվամիջոցները հանրային մեծ ճնշում են զգում իրենց վրա, որը երբեմն արտահայտվում է թույլատրելիի սահմաններն անցնող մեթոդներով, հայհոյանքներով, այս կամ այն թերթը փակելու կամ դրա ինտերնետային տարբերակը բոյկոտելու կոչերով։ Հանրությունն ըստ էության լրատվամիջոցից պահանջում է մի ծառայություն, որի համար հարկ չի համարում և պատրաստ էլ չէ վճարել։ Ինչպես պետք է այս կամ այն լրատվամիջոցը գոյատևի, լրագրողներ ընդունի աշխատանքի, նրանց աշխատավարձ վճարի և նրանցից լավ, վստահելի և որակյալ տեղեկատվություն պահանջի»,– նշել է վարչապետի տիկինը։

Գումարի ծագումն անձամբ ինձ համար կապ չունի. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանի քաղաքացին ուզում է ունենալ վստահելի, բարձր մակարդակի լրատվություն ապահովող լրատվամիջոց, պետք է վճարի այդ լրատվամիջոցի գոյության համար։ Միայն այդ դեպքում լրատվամիջոցը կծառայի քաղաքացուն։

«Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայաստանյան մամուլը համընթաց չի քայլում ժողովրդի և պետության հետ, այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի, հանրության ու պետության միջև առաջացած խորը անջրպետի դառը պտուղները և եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը այդ անջրպետը ավելի ու ավելի է խորանալու»,– ասել է Հակոբյանը։

Դիմելով իրենից ավագ սերնդի գործընկերներին` Աննա Հակոբյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ միասին տարբեր ակցիաներ են արել, մամուլի հանդեպ ճնշումներ հաղթահարել։

«Ճիշտ է` ես այդ տարիներին դեռ սկսնակ լրագրող էի, բայց դա իրերի դրությունը չի փոխում, դուք կանգնել են մեր կողքին, երբ իմ ամուսինը բանտարկված էր, մենք իրար հետ մրցակցել ենք, իրարից նեղացել ենք, հաշտվել ենք, այսինքն մի կյանք ենք ապրել միասին, և այսօր ձեր լրատվամիջոցներից շատերը գրեթե ամենօրյա ռեժիմով իմ եւ իմ ընտանիքի մասին տարածում են մերկապարանոց ստեր»,– ասել է նա։

Աննա Հակոբյանը նաև նշել է, որ «վարչապետի տիկին» բառակապակցությունը հատուկ է հնչում ու կարող է տարբեր ասոցիացիաներ առաջացնել, բայց վստահեցրել է. «Ուզում եմ դուք վստահ լինեք` ես Աննան եմ, Նիկոլի կինը, ձեր լրագրող գործընկերը, որին չի կարող փոխել աշխարհում ոչ մի իշխանություն, ոչ մի կարգավիճակ»։

Հիշեցնենք` Հայ մամուլի համահայկական համագումարն Անթիլիասում անցկացվում է Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի նախաձեռնությամբ։