Էրդողանը պատժամիջոցների մասին չի լսել. նա խոսել է ռուսական զենքի մասին

Թուրքերի առաջնորդը հայտնել է, թե C-400-ները երբ կհասնեն Թուրքիա, և պատմել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից գնած C -400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը շատ շուտով կլինեն Թուրքիայում։ Ermenihaber.am-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Հանդիպումը կայացել է Ճապոնիայում, Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում։

ԱՄՆ պետդեպը չի բացառում պատժամիջոցների կիրառումը C-400 համակարգեր գնող երկրների նկատմամբ

«Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը 10 օրվա ընթացքում կներմուծվեն Թուրքիա»,– ասել է Էրդողանը լրագրողներին։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է Թրամփը արձագանքել այդ հանգամանքին։

«Մինչ այժմ չենք լսել որևէ պատժամիջոցի վերաբերյալ որևէ բան: Հարգարժան Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցներիս և մեր երկկողմ հանդիպումների ընթացքում նա չի ասել, որ ձեր նկատմամբ հետևյալ պատժամիջոցն ենք կիրառելու»: ,– ասել է թուրք առաջնորդը։

Հարցին, թե Թրամփը «Patriot» համակարգերի ձեռքբերմանը «կանաչ լու՞յս է միացրել», թե՞ ոչ, Էրդողանը պատասխանել է.

«S-400-ը համարժեք է 3 Patriot-ին: Եթե պայմաններն այնպես լինեն, որ նույնիսկ հավասար լինեն «S-400» համակարգերի հետ, ապա մենք «Patriot» կգնենք, բայց եթե հավասար չլինեն, մենք մեր շահերի մասին կմտածենք»:

Կայքը նաև հիշեցնում է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը վերջին շրջանում լարվածություն էր ստեղծել թուրք- ամերիկյան հարաբերություններում: ԱՄՆ-ն բազմիցս զգուշացրել էր Թուրքիային, որ ռուսական C-400-ի գնման դեպքում Անկարան կարող է դուրս մնալ F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից:

G20-ի գագաթնաժողովը կայացել է Ճապոնիայի Օսակա քաղաքում։