ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի— Sputnik. Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի տնօրենին և հաշվապահին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, որ «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը պաշտոնավարման ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ:
Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 ՀՀ դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին և հաշվապահին մեղադրանք է առաջադրվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Յուրացրել է 5,7 մլն դրա՞մ. ՊՊԳ վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»