Երևան–Թբիլիսի երկաթգիծը փակ է. Ալավերդու գործարանի աշխատակիցները կրկին ցույց են անում

Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները փակել են Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը։

Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ աշխատանքը դադարեցրած գործարանի աշխատակիցներին մինչև հունիսի վերջ են աշխատավարձ տալու։ Նման որոշում էր կայացրել գործարանի սեփականատեր «Վալեքս» ընկերությունը։

«Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներին ապօրինի կերպով աշխատանքից ազատելու պատճառով այսօր, առավոտյան ժամը 10–ի դրությամբ նախկին աշխատողները փակել են գործարանի բոլոր ելքերն և մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը...», – գրել է ակցիայի մասնակիցներից Արմեն Կիրակոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, և բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։ Ավալերդու ամենամեծ ձեռնարկությունը պղնձաձուլական գործարանն է, որտեղ մոտ 600 մարդ է աշխատում։

«Կասեն` ջուրը պղտորում ենք». ինչպե՞ս Ալավերդու պղնձաձուլարանը ձուլվելու եզրին հայտնվեց