Սևանը ծաղկել է. շրջակա միջավայրի նախարարը հաստատում է լուրը և լուծում առաջարկում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է բնապահպանների վերջին օրերին հնչեցրած ահազանգերը։ Նրա խոսքով` ծաղկել է ոչ միայն Սևանը, այլև Սև ծովն ու տարածաշրջանի այլ ջրային ավազաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանը ծաղկում է ու ոչ միայն Սևանը, այլև տարածաշրջանի մի շարք այլ ջրային ավազաններ, որոնց թվում` Սև ծովը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` մեկնաբանելով բնապահպանների վերջին օրերին հնչեցրած ահազանգերը։

Նախարարությունը թաքցնո՞ւմ է Սևանի խնդիրները. գերատեսչությունից այլ բան են պնդում

«Օրինակ` շատ ինտենսիվ ծաղկել են Սև ծովի Օդեսայի և հարակից այլ բնակավայրերի ափամերձ տարածքները։ Մեզ մոտ էլ է դիտվում նույն երևույթը, և այն մի քանի տարբեր գործոնների հետ է կապված։ Մասնավորապես` օրգանական նյութերի մեծ քանակությունն է` ֆոսֆորի, որը գալիս է և՛ գյուղատնտեսությունից , և՛ համայնքների կեղտաջրերից` թե՛ քաղաքային համայնքների և թե՛ ափամերձ ռեստորանների, ինչպես նաև` բարձր ջերմաստիճանից»,– ասաց նախարարը։ Էրիկ Գրիգորյանը հիշեցրեց նաև Սևանա լճում առկա ձկնաբուծական ցանցավանդակների առկայության մասին, որոնք ևս նպաստում են ջրի ծաղկման պրոցեսին։

Նախարարը նշեց, որ Գեղարքունիքի մարզում հունիս ամսվա համար աննախադեպ բարձր ջերմաստիճանը ևս նպաստել է պրոցեսին։

Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ստեղծված իրավիճակից լուծում, կառավարությանն առաջարկել է Սևանա լիճ լցվող շուրջ 3 տասնյակ գետերի հուների մաքրման ծրագիր։ Կառավարությունը, Էրիկ Գրիգորյանի խոսքով, նախնական համաձայնություն տվել է այդ առաջարկին, և այժմ ծախսերի հաշվարկ է իրականացվում։

Հաճելի հանգիստ. Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով

«Կառավարությունը գումար կտրամադրի գետերի հուները մաքրելու համար։ Բայց դա, ուզում եմ հասկանանք, որ միանգամյա ու արագ արվող բան չէ, այլ երկար աշխատանք է»,– ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ նախարարը նշեց, որ գործադիրը հաշվարկել է նաև մաքրման ենթակա առափնյա հատվածները։ Թռչող սարքերից ու տիեզերքից արված լուսանկարներով պարզվել է, որ շուրջ 770 հա մաքրման ենթակա տարածք կա։

Գրիգորյան. «Լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանում ջրիմուռների բազմացմանը»

Սևանա լճի ծաղկմանը նպաստող գործոնների թվում բնապահպանները հիմնականում երեքն նշում. առաջինը` Սևանա լճից ջրբացթողումները, երկրորդ` զբոսաշրջիկների մեծ քանակը և ափամերձ հանգստյան գոտիներից կոյուղաջրերի հոսքը դեպի լիճ, երրորդ` լճում ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունում ազոտ և ֆոսֆոր պարունակող արհեստական կերի կիրառումն ու դրա կուտակումը լճի հատակին։

Հիշեցնենք` 2018թ–ի ամռանը Սևանա լճում կապտականաչավուն ջրիմուռների քանակի ավելացման պատճառով լճի գույնը կանաչ էր դարձել։ Սակայն ի տարբերություն այս տարվա, անցյալ տարի այդ գործընթացը սկսվել էր հուլիսի երկրորդ կեսին։

Այդ ժամանակ, ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր դրանից։ Նրա օրինակի հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն էլ, վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է ,ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճը` լողալու։

Ինչով կարող է Հայաստանը գրավել Վրաստանից «զրկված» ռուսաստանցիներին

Մինչ այդ, սակայն, օրեր առաջ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ ծաղկած ջրերում լողալուց:

Այս տարի ջրի ծաղկման ու դրանում կապտականաչավուն ջրիմուռների ավելացման մասին պաշտոնական որևէ հայտարարություն առայժմ չի արվել։