«Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся». Սասուն Միքայելյան

ՔՊ պատգամավոր Սասուն Միքայելյանը մեկկնաբանել է իր և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզպետը փորձում է ներկայացնել, թե Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար է ՔՊ–ն պարտվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ մեկնաբանելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ իր տարաձայնությունները:

«Ասում է՝ Աբովյանի ընտրություններին Սասուն Միքայելյանը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, «Մաուգլիի» միջի շակալի պես՝ «Акелла промахнулся»: Ուրեմն ինչ է եղել. ինքը թեկնածու է առաջարկել իր կողմից: Այսինքն ինքն ուզեցել է մարզում դառնա դեմք, որը շարունակվում է: Թեկնածու է բերել, ներկայացրել վարչության նիստին, որին ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված թեկնածուն պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես դեմ եմ քվեարկել»,– ասաց Միքայելյանը։

Նա անդրադարձավ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին և նշեց, որ նրան ճանաչում է 1999 թվականից։

Էյֆորիան անցել է, գործերն են հետաքրքրում. քաղտեխնոլոգը` Աբովյանի ընտրությունների մասին

«Երկար տարիներ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել: Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Ինքը շատ կիրթ, կարգին, նորմալ երիտասարդ է և այն քաղաքապետներից մեկն է, որ բյուջեն գերակատարել է»,-ասաց Միքայելյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ չի խառնվել այդ ընտրություններին, ՔՊ-ի թիկունքից չի խփել։ Իսկ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն, Միքայելյանի գնահատմամբ, պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, քանի որ վերջինն անձնավորել է իր դերակատարությունն Աբովյանի ընտրություններում։

Հունիսին Աբովյանում քաղաքապետի ընտրություն էր անցկացվել, որի արդյունքում հաղթել էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։