ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանում ջրիմուռների բազմացմանը»

Բնապահպաններն ահազանգում են, որ Հայաստանի քաղցրահամ ջրի բացառիկ աղբյուր Սևանա լիճն այս տարի ևս ծաղկել է։ Ի թիվս բնական գործոնների, լճի ծաղկմանը նպաստում է նաև ափամերձ տարածքներում գործող սննդի օբյեկտների կեղտաջրերի հոսքը դեպի Սևան։
Sputnik
Գրիգորյան. «Լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանում ջրիմուռների բազմացմանը»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լճի ծաղկումը պայմանավորում է օրգանական նյութերի քանակով, մասնավորապես, լճում ֆոսֆորի պարունակությամբ, ինչն ըստ նախարարի, առաջանում է ինչպես համայնքներից այնպես էլ ափամերձ տարածքներից լիճը լցվող կեղտաջրերից, նաև բարձր ջերմաստիճանից։

Նախարարությունը թաքցնո՞ւմ է Սևանի խնդիրները. գերատեսչությունից այլ բան են պնդում

«Եղանակային պայմաններն, ափամերձ բուսականությունն ու լճում տեղադրված ցանցավանդակները ևս նպաստում են Սևանա լճում ջրիմուռների բազմացմանը»,-փաստում է շրջակա միջավայրի նախարարը։

Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցներին, ապա պաշտոնյայի խոսքով, իրենք առաջարկել են կառավարությանը մաքրել Սևան լցվող մոտ երեք տասնյակ գետերի հուները, որպեսզի հոսքը դեպի լիճ ավելի շատ լինի։

«Կառավարությունը տվել է իր համաձայնությունը, պարզապես հիմա նախնական հաշվարկներ են արվում, որպեսզի պարզ լինի, թե որքան գումարի մասին է խոսքը։ Այդուհանդերձ, գործադիրը պատրաստ է գումար տրամադրել այդ աշխատանքների համար»,-վստահեցնում է Էրիկ Գրիգորյանը։

Այնուամենայնիվ, ըստ Գրիգորյանի, դա այդքան արագ ու միանգամից հնարավոր չէ անել։

«Այժմ ընթացքի մեջ են օրենսդրական որոշ փոփոխություններ՝ կապված կեղտաջրերի հեռացման ընդհանուր փիլիսոփայությունը փոխելու նպատակով։ Այդ ամենի հիմքում դրվելու է կեղտաջրերի հոսքի կանխարգելումը, այլ ոչ թե լցնելուց հետո դրա պատճառով տույժեր ու տուգանքներ նշանակելու գործելաոճը»,-մանրամասնում է շրջակա միջավայրի նախարարը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով` ուսումնասիրվում է նաև Սևանից լրացուցիչ ջրառի պահանջարկը։ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերջերս հայտարարել էր, որ Սևանի ծաղկման պատճառներից են նաև լճում իշխանի բուծման նպատակով տեղադրված ցանցավանդակները։ Նախարար Գրիգորյանը չի բացառում, որ հետագայում կարող է արգելվեն Սևանում ցանցավանդակային տնտեսությունները, եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ դրանք են լճի ծաղկման հիմնական պատճառը։