ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Անգլիայում և ոչ միայն, հուլիսի 1-ին նշում են արքայադուստր Դիանայի ծննդյան օրը: Այսօր նա կդառնար 58 տարեկան:
Harpersbazaar.com-ը լուսանկարներով ներկայացրել է փաստեր արքայադստեր մասին, որոնց մասին քչերը գիտեն:
Ըստ ամսագրի, Դիանան առաջնորդ էր, ակտիվիստ, նորաձևության ուղենիշ և 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Չնայած նրան, որ Դիանայի կյանքը հանրայնացված էր, նրա մասին խոսում էր ամբողջ աշխարհը, այնուամենայնիվ, կան նրան վերաբերող ու մինչ օրս անհայտ մնացած փաստեր, որոնք կներկայացնենք ստորև.
• Դիանան ընտանիքում հինգ երեխաներից չորրորդն էր
Դիանան երկու քույր ուներ. Սառան՝ ներկայիս լեդի Սառա ՄըքՔորքոդա՛յլը և Ջեյնը՝ ներկայիս լեդի Ջեյն Ֆելլոուզը: Նրա եղբայրը՝ թվով երրորդ երեխան, մահացել էր ծնվելուց մի քանի ժամ հետո: Նրանից հետո ծնվել էր Դիանան:
• Արքայադուստր Դիանան երազում էր բալետի պարուհի դառնալու մասին
Դիանան մանկուց երազում էր դառնալ բալետի պարուհի, սակայն իր ֆիզիկական տվյալները չէին համապատասխանում բալետի չափանիշներին: Նրա բալետի ուսուցիչն ասել է. «Դիանան պարում էր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով: Ես տեսնում էի, թե ինչպես է պարի այդ ձևը նրան ապրեցնում և տալիս նոր զգացողություններ»:
• Դիանան մինչ արքայազն Չարլզին հանդիպելը եղել է ուսուցչուհի և դաստիարակ
Դիանան մինչ արքայազն Չարլզին հանդիպելը աշխատել է տարբեր մասնագիտություններով: Մասնավորապես, նա աշխատել է որպես դպրոցի ուսուցչուհի և դաստիարակ: Մեկ ժամվա համար նա ստանում էր 5 դոլար, որպեսզի խաղար երեխաների հետ և հոգ տաներ նրանց մասին:
• Դիանան ծանոթացել է արքայազն Չարլզի հետ իր ավագ քրոջ միջոցով
Սառան և Դիանան շատ մտերիմ էին: Նրանք հաճախ էին միասին ժամանակ անցկացնում և ճանապարհորդում: Չարլզն ու Սառան իրար ճանաչում էին, և Դիանայի ու Չարլզի ծանոթությունն անխուսափելի էր: 70-ականներին նրանք ծանոթացան միմյանց հետ: Սառայի խոսքերով՝ նա իրեն Կուպիդոն էր զգում:
• Դիանայի ամուսնական զգեստը ռեկորդակիր է
Նրա ամուսնական զգեստը՝ կարված Դեյվիդ և Էմանուել ամուսինների դիզայներական խմբի կողմից, զարդարված էր 10,000 մարգարիտներով և 25 ֆուտ երկարություն ուներ: Այդ երկարության հարսանեկան զգեստը թագավորական ընտանիքի հարսանեկան պատմության մեջ առաջին անգամ էր կիրառվում:
• Նրա ամենասիրելի դիզայները Քեթրին Ուոլքերն էր
Դիզայներ Քեթրին Ուոլքերը արքայադստեր Դիանայի ոչ միայն սիրելի դիզայներն էր, այլև նրանք շատ լավ ընկերուհիներ էին: Դիզայներն արքայադստեր մի շարք կերպարների հեղինակն է:
• ABBA երաժշտական խումբը նրա սիրելիներից էր
Արքայադուստր Դիանայի ամենասիրելի երաժշտական խումբը շվեյցարական ABBA-ն էր:
• Իր մտքերը Դիանան ձայնագրում էր
Թագավորական ընտանիքի ամուսնալուծությունից հետո, երբ դեղին մամուլը սկսեց ապատեղեկատվություն տարածել, Դիանան որոշեց հանրությանը ներկայացնել պատմության իր տարբերակը: Նա պատմությունը ձայնագրեց ձայնասկավառակի վրա և այն փոխանցեց լրագրող Էնդրյու Մորտոնին, որը տարիներ շարունակ լուսաբանում էր թագավորական ընտանիքի կյանքը:
• Դիանան հուղարկավորված է իր ընտանիքի տոհմական շիրմատանը
1997 թվականի ողբերգական ավտովթարից մահացած Դիանային հուղարկավորել են Նորթհեմթոն կղզու Ալտորպ կալվածքում, որն արդեն 500 տարուց ավելի պատկանում է Սպենսերների ընտանիքին: