Ինչպես կլուծվի բնակարանային հարցը աղետի գոտում. Վերմիշյանը նոր թվեր է ներկայացրել

Շիրակի, Լոռու և Արագածոտնի աղետից տուժածների բնակարան ստանալու խնդիրը կլուծվի 2020 թվականին։ Տնակների խնդիրը այս մարզերում դեռ արդիական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ձևավորված աղետի գոտում ժամանակավոր կացարանների գույքագրման աշխատանքային խումբն ավարտել է իր գործունեությունը Գյումրիում, ինչպես նաև Արագածոտնի, Շիրակի մարզերի մի շարք բնակատեղիներում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Սխալները կրկնելու իրավունք չունենք. Վերմիշյանը քաղաքաշինական բարեփոխումներ է պահանջում

Նրա խոսքով` խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել և ամբողջությամբ գույքագրել է տնակները, հստակ հաշվարկել, թե աղետի գոտում բնակարան ստանալու քանի շահառու կա։ Այդ տվյալների համաձայն`2008 թվականին 5396 մարդ ստացել է երկրաշարժի հետևանքով տուժածի կարգավիճակ և հերթագրվել բնակարան ստանալու համար։

«Տարիների ընթացքում նրանց քանակը նվազել է, մնացել է ընդամենը 457 շահառու, որոնք դեռ բնակարան չեն ստացել։ Սակայն մինչև 2020 թվականը կառավարությունը մտադիր է ավարտել այս գործընթացը և այդ նպատակով արդեն իսկ 3 միլիարդ դրամ է առանձնացրել», – ասաց կոմիտեի նախագահը։

Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

Տնակների գրանցման արդյունքները ներկայացնելով` Վերմիշյանը հայտնեց, որ հանձնաժողովը գրանցել է ժամանակավոր կացարանի 7219 միավոր, որոնցից 3530 Շիրակի, 3531–ը` Լոռու և 558–ը` Արագածոտնի մարզում։ Այդ շինություններում շուրջ 25 հազար մարդ է ապրում։ Նրանք տարբեր պատճառներով շահառուներ չեն, սակայն Վերմիշյանը հայտնեց, որ մի քանի սցենար է պատրաստել տվյալ անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար և մտադիր է ներկայացնել կառավարության հաստատմանը։ Անձամբ նա հավանել է Նորվեգիայի փորձը, որտեղ չունևոր ընտանիքներին սոցիալական բնակարան է տրամադրվում սիմվոլիկ վարձավճարով։

Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Վերջին 30 տարվա ընթացքում Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար ավելի քան 8 մլն դոլար է հատկացվել։ Լուծվել է 66 400 ընտանիքի բնակարանային հարցը։ Սակայն սրանով անօթևան մնացածների խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ «Թավշյա հեղափոխությունից» հետո կառավարությունը որոշել էր վերջնական գրանցել և գույքագրել տնակները և առավելագույնս արագ լուծում տալ այդ խնդրին։