ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցած և բարձր արդյունքներ գրանցած մարզիկներն այսօր վերադարձան Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` Հայաստանը ներկայացրած մարզիկներին դիմավորելու համար։
49 կգ քաշային կարգում Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Մինսկ էր մեկնել երազանքն իրականություն դարձնելու համար։
«Ես գնում էի չեմպիոն դառնալու երազանքս ի կատար ածելու, և այն կատարեցի։ Շատ լավ էի պատրաստվել, ներքին վստահություն կար, որ հաղթելու եմ։ Հենց առաջին մենամարտից հետո ինքնավստահությունս մեծացավ»,– ասաց նա։
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը, թեև արծաթ է նվաճել, բայց ուրախ է նաև դրա համար։
«Մարզական կարիերան շատ կարճ է, ցանկացած հաղթանակ կարևոր է մարզիկի համար։ Գալիս է մի պահ, որ տեսնում ես` քո կատարած ահռելի աշխատանքը պտուղ է տվել։ հետհայացք գցելով` տեսնում ես, որ թիկունքում դատարակություն չէ»,– ասաց նա։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նշեց, որ մարմնամարզությունում շատ դժվար է հաղթանակի հասնել, որովհետև մրցակցությունը շատ բարձր մակարդակի է։
«Բազմամարտում ես հինգերորդ տեղը զբաղեցրի իմ սխալի պատճառով` իմ մեխը համարվող հենացատկում, բայց գուցե հենց այդ սխալն օգնեց, որ հենացատկի մրցումներում անթերի կատարեմ վարժությունները և դառնամ չեմպիոն»,– ասաց նա։
64 կգ քաշային կարգում Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն դարձած բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էլ խոսեց իր բերած ոսկու մասին։
«Շատ ուրախ էի, որ կարողացա հասնել եզրափակիչ։ Հոգեպես զգում էի, որ պարզապես իրավունք չունեմ չհաղթելու։ Եզրափակիչում յուրահատուկ կերպով էի դուրս եկել ռինգ։ Անսահման ուրախ եմ, որ ոսկի նվաճեցի, որովհետև յուրաքանչյուր անգամ Հայաստանի դրոշ բարձրացնելը իսկապես սխրանք է»,– ասաց նա։
Նշենք, որ Մինսկի խաղերին մասնակցած ըմբիշները դեռ Հայաստան չեն վերադարձել. նրանք մեկնել են հավաքների և, ամենայն հավանականությամբ, հայրենիք կվերադառնան 14 օր անց։