ԱԺ–ն կողմ քվեարկեց, բայց Աննա Մարգարյանը չընտրվեց

Պատգամավորների քվեները չբավարարեցին, որ «Իմ քայլի» ներկայացրած թեկնածուն ԲԴԽ անդամ դառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 1-ին, ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքում «Իմ քայլը» խմբակցության առաջադրված թեկնածուն` Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ չընտրվեց:

Քվեարկությանը մասնակցեցին 132 պատգամավորներից միայն 85-ը: Կողմ քվեարկեցին 66, դեմ՝ 19 պատգամավոր:

ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը: Այսինքն՝ Աննա Մարգարյանին ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե։

ԲԴԽ-ն որոշել է խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներ հրաժարական էին ներկայացրել դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։

Խորհրդում հրաժարականները մեկնարկեցին ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով, նրան հետևեց նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Գևորգ Դանիելյանը: Ավելի ուշ հրաժարական ներկայացրեցին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։

ՀՀ գործող Սահմանադրության համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա 10 անդամ։ Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս 5-ին` խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով: