Օհ my god. ՀՀ նախագահը Բելառուսում վիրտուալ մոտոցիկլետ է վարել

Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկում շրջայցից հետո նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ամենը մեկ օրում չի ստեղծվում։ Օրենքներն ընդունելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին` բժշկության, էկոլոգիայի, գյուղատնտեսության, ժամանցի և այլ ոլորտներում։

Արմեն Սարգսյանը Պուտինի ու Լուկաշենկոյի հետ լուսանկար է հրապարակել

Նախագահը նաև անձամբ է փորձարկել վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։

«Այո, տարօրինակ աշխարհ է, մատրիցա»,– ասել է Արմեն Սարգսյանը` մոտոցիկլետը նստելով ու վիրտուալ իրականության սարքն աչքերին դնելով։

Իսկ մոտոցիկլետը վարելու ընթացքում նախագահը հետաքրքրվել է. «Ինչ-որ մեկն էլի տեսնում է իմ սխալները, թե միայն ես»։ Ապա իմանալով, որ ներկաները իր վիրտուալ վարմանը հետևում են ցուցասրահում տեղադրված էկրանին, կատակով բացականչել է .« Օհ my god»։

Շրջայցի ավարտին, ներկայացնելով տեխնոլոգիական պարկի գործունեությունն ու ծրագրերը, տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նշել է, որ այս ամենի հաջողության հիմքը կրթությունն է․«Այս ամենի հիմքում մարդիկ են, նրանց գիտելիքն ու ինտելեկտը։ Առանց դրա մենք հաջողություն չէինք ունենա։ Բելառուսում կրթական համակարգին մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ կրթությունն է հենց այն հիմքը, որի վրա էլ բելառուսական ՏՏ-ն հաջողությունն է արձանագրում»։

Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով այցը, նախագահ Սարգսյանն ասել է, որ երկրորդ անգամ է այցելում տեխնոպարկ։ «Այս ամենը մեկ օրում չի եղել։ Օրենքներն ընդունելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն, կայունություն լինի, ինչը կարևոր գործոններից մեկն է: Երկրորդ գործոնը ներդրողներին առաջադրվող պայմաններն են։ Այդ պայմանները պետք է գրավիչ լինեն, որովհետև աշխարհը հսկայական շուկա և լաբորատորիա է, ցանկացած երկրում կարող ես գնալ և սկսել քո գործունեությունը, մանավանդ` այս ոլորտում։ Իսկ երրորդ գործոնը կրթական համակարգն է։ Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ զարգացնելու այդ համակարգը»,– ասել է նա:

Արմեն Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Բելառուսի փորձը պետք է հետաքրքրի Հայաստանին և առաջարկել է բելառուսական կողմին հրավիրել Հայաստան` ներկայացնելու իրենց գործունեությունն ու փորձը:

Այսօր արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաներն ամենուր են: Հայաստանի նախագահը ասել է, որ հարաբերությունները պետք է զարգացնել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: