ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրն ուղևորվել է Սևանա լճի ափամերձ հատվածներից մեկը։ Կառավարության ղեկավարն ուսումնասիրել է լեգենդար «Կիլիկիա» առագաստանավը։ Վարչապետն իր Instagram-յան էջում տեղադրել է առագաստանավի լուսանկարն ու գրառում կատարել.
«Գնացել էի «Կիլիկիա» նավին տեսության Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մերձակայքում»:
«Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002թ.-ին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների կողմից։ Առագաստանավը նախագծվել է 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում մեծ տարածում ունեցող նավերի օրինակով։ Կիլիկյան Հայաստանում շատ զարգացած էր ծովային առևտուրը. նմանօրինակ նավերով կիլիկիացի առևտրականներն էին ճամփորդում։ Առագաստանավը կառուցվել է միջնադարյան ձեռագրերի և մանրանկարների հիման վրա՝ միջնադարյան նավաշինարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Առագաստանավի երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 5 մետր։ Հենց 2002թ.-ի մայիսին առագաստանավը դուրս եկավ իր առաջին ծովային ճամփորդության՝ կրկնելով միջնադարի Կիլիկյան Հայաստանի առևտրականների երթուղին։