Մահացել է 3 երիտասարդ, կան վիրավորներ. սարսափելի ավտովթար Երևան-Սևան ճանապարհին

Վիրավորների թվում երկու են 9 և 11 տարեկան երեխաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի-Sputnik. Գիշերը՝ 03:49-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը։

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 29-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ փրկարարները պարզել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածի 40-րդ կմ-ին բախվել են BMW X5 մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) և Volkswagen Golf 5 մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները BMW X5 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Հ.-ին, ուղևորներ՝ Ն. Հ.-ին (ծնված 2010 թ.), Ա. Ս.-ին (ծնված 2008 թ.) և Ա.Մ.-ին (ծնված 1954 թ.)։ Նրանք ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրազդանի ԲԿ է տեղափոխվել նաև Volkswagen Golf 5 մակնիշի 29-ամյա վարորդին. նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Նրա վարած ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել երեք երիտասարդի դիեր՝ Վ. Վ.-ի (ծնված 1995 թ.), Գ. Ն.-ի (ծնված 1998 թ. ) և Կ. Հ. -ի (ծնված 1997 թ.) դիերը։

Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի մանրամասները պարզվում են։