Էլինա Դանիելյանը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Եզրափակիչ փուլում երկու ուժեղագույն շախմատիստուհիների մենամարտին արտաքին գործոններ են միջամտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 15-13 հաշվով հաղթել է ռուսաստանցի գրոսմայստեր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Վալենտինա Գունինային կանանց շրջանում անցկացվող արագ շախմատի մրցաշարում։

Լպուտյան. «Տիգրան Պետրոսյանի հաղթանակը փոխեց շախմատի հանդեպ մեր մտածելակերպը»

Սակայն Դանիելյանը հաղթանակը միայն իր հաջողությանը չի վերագրում, այլև պայմանավորում է նաև արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնք խոչընդոտել են, որպեսզի շախմատի մենամարտը կայանա շախմատիստուհիների հանդիպման ժամանակ։

Մենամարտն անցկացվել է օնլայն։ Բանն այն է, որ ռուս շախմատիստուհին Ինդոնեզիայի Բալի կղզում իր հանգիստն էր անցկացնում։ Այդ պատճառով նա շախմատի տախտակի առջև նստել է տեղական ժամանակով կեսգիշերից հետո։ Բացի այդ ռուսաստանցի շախմատիստուհու մոտ անընդհատ ինտերնետային կապի խնդիրներ էին առաջանում, ինչի պատճառով նա երկու պարտիայում պարտություն է կրել։

Այնուամենայնիվ, երկու շախմատիստուհիներն էլ դրամական պարգևատրում են ստացել՝ 4607 ԱՄՆ դոլար առաջին տեղի համար և 1393 ԱՄՆ դոլար՝ երկրորդ տեղի համար։ Բացի այդ Դանիելյանը նաև հրավեր է ստացել մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի շվեյցարական համակարգով անցկացվող Մեծ մրցաշարին, որը կկայանա հոկտեմբերին Մեծ Բրիտանիային պատկանող Մեն կղզում։

Հավելենք, որ 2017թ.-ի դեկտեմբերին Դանիելյանը երրորդ տեղն է զբաղեցրել Սաուդյան Արաբիայում կայացած Արագ շախմատի մրցաշարում։