Ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ լուծել չի լինում. ի՞նչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

ԱԺ պատգամավորը կարծում է, որ ջրային օրենսգրքում պետք է ջրային ռեժիմի սահմանափակումներ մտցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանում ոչ մի կերպ չի լուծվում ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` նշելով, որ այդ հարցը լուծելու համար պետք է ջրային ռեժիմի սահմանափակումներ մտցնել ջրային օրենսգրքում։

Բերբերյան․ «Երբ մոնոպոլ վիճակը քանդենք՝ ոռոգման ջրի հարցը կլուծվի»

«Ոռոգման համակարգի հետ կապված լուրջ բացթողումներ ունենք, քանի որ տարիներով համակարգը համապատասխան ծախսերով չի «լցվել», ու մեր ջրային կորուստը համատարած է։ Մենք տարբեր տեղերում 50-80 տոկոս ջրի կորուստ ենք ունենում, ինչն անթույլատրելի շռայլություն է»,–ասաց նա։

Բագրատյանի խոսքով` սակավաջրությունն աշխարհում փաստ է, իսկ մենք 7 մլրդ խորանարդ ջուր ունենալով մեր մակերևույթում` օգտագործում ենք դրա 2 միլիարդը։ Դա էլ, ըստ պատգամավորի, ոչ արդյունավետ է օգտագործվում։

Բագրատյանը կարծում է, որ ոռոգման ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու կարիք կա։ «Պետք է լուրջ աշխատանքներ կատարենք այս ոլորտում։ Օրինակ` ջրային օրենսգրքում ջրային ռեժիմի սահմանափակումներ պետք է դնել և դրանով իսկ օգնել գյուղացիությանը, որպեսզի ոռոգման ջուրը ժամանակին ստանան, ու աշնանն ակնկալենք համապատասխան բերքատվություն»,–ասաց նա։

Նրա խոսքով` ոռոգման ջրի հարցը լուծելով ու գյուղատնտեսական ակտիվ աշխատանքով կլուծվի պարենային անվտանգության խնդիրը։

Ոռոգման ջրի խնդիրն այդպես էլ լուծել չի լինում. ի՞նչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

Դեռ անցած տարվա նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ Հայաստանում ոռոգման ջուր գողացողներին փնտրելու են ու պատժեն։  «Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք»,– նշել էր նա։

Ոռոգման ջրի գինը Հայաստանում 11 դրամ է` 1 խորանարդ մետրի դիմաց (սա հանրապետությունում միջին ցուցանիշն է)։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս` մայիսի 29–ին, արագածավանցիները փակել էին միջպետական ճանապարհն ու երկաթուղին և բողոքում էին ոռոգման ջրի սակագնից։ Ջրային կոմիտեն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ջրօգտագործողների բողոքի ցույցի պահանջների հետ կապված հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ Հայաստանում ոռոգման ջուրը չի թանկացել։