Ոչ միայն Արարատ Միրզոյանին են Մոսկվա հրավիրել, այլև Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին մասնակցելու է նաև ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ ծանր խոսակցություն է սպասում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

«Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն»,–գրում է թերթը։

Ըստ «Հրապարակի»` սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսևորվող վատ տոնը մեղմել-սվաղելու համար։

Թերթը գրում է, որ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բավականին ծանր խոսակցություն է սպասվում Միրզոյանին, մանավանդ որ նույն Արարատ Միրզոյանն էր ՔՊ համագումարում «հռչակել», որ չի ողջունում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը:

«Արարատ Միրզոյանն այդպես էլ ցայս պաշտոնական հանդիպում չի ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Վոլոդինի հետ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դեռ պաշտոնապես Ռուսաստան չեն հրավիրել, այնպես էլ՝ Միրզոյանին: Վերջինիս հանդիպումը Վոլոդինի հետ կլինի ոչ թե պաշտոնական, այլ ֆորումի շրջանակում: Ի դեպ, ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՀՀԿ-ն․ Մոսկվա կմեկնի ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարցերի պատասխանատու Արմեն Աշոտյանը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք` հունիսի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ էին քվեարկել բանաձևին, որով Ռուսաստանը վերադառնում էր ԵԽԽՎ:

Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում էր:  Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է եղել, ինքը դեմ չի քվեարկել: