Պաշտոնյաների աշխատավարձերի չբարձրացումը «կկոմպենսացվի» հավելավճարով. «Փաստ»

Թերթը գրում է, որ կառավարությունը գտել է պաշտոնյաներին հավելյալ գումար տալու տարբերակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունում ներքին կարգով որոշվել է հավելավճար տալ նախարարներին ու այլ պաշտոնյաներին։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան

«Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ»,– գրում է թերթը:

Պարբերականը նշում է, որ իշխանական պատգամավորներն արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաև դրանց տոկոսային հարաբերակցության մասին: Ըստ այդմ, հայտարարվեց, որ պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը չեն բարձրանա:

«Փաստ» թերթի տեղեկություններով` մասնավորաբար գործադիրում այս հարցին լուծում տալու համար որոշում է կայացվել և ներքին կարգով հանձնարարվել է ոչ թե ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների ու մի քանի կատեգորիայի այլ պաշտոնյաների աշխատավարձերը, այլ «կոմպենսացնել» հավելավճարների միջոցով:

Հիշեցնենք` հունիսի 27-ին կառավարության նիստում ներկայացվեց մի օրինագիծ, ըստ որի` Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանա և կազմի 68 000 դրամ։

Գործադիրը հավանություն տվեց օրինագծին, որը վերջնական ընդունման համար կներկայացվի ԱԺ։

Եկող տարվանից լավ ապրողներն ավելի լավ կապրեն, վատ ապրողներն` ավելի վատ. ինչ կտա նոր օրենքը