ՄԽ համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի` ձերբակալվածներին վերադարձնելու քայլը

Համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ հումանիտար միջոցներ ձեռնարկել խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի` մեկական ձերբակալվածի վերադարձնելու քայլը։ Այս մասին նշված է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում։

«Համանախագահները ողջունել են ձերբակալվածների վերադարձման գործընթացը և շնորհակալություն հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ջանքերի համար, որը նպաստեց ձերբակալված անձանց նկատմամբ նման դրական առաջին քայլերին: Միաժամանակ համանախագահները կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ լրացուցիչ հումանիտար միջոցներ ձեռնարկել` խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելու հարցում»,– նշված է նրանց հայտարարության մեջ:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 27-ին և 28–ին այցելել են Վիեննա և Բրատիսլավիա։ Նրանք ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել են տարածաշրջան իրենց վերջին այցի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախագահների վաշինգտոնյան հանդիպման շուրջ իրենց քննարկումները։

Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել

Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկի հետ. հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի ուղղությամբ։

Ադրբեջանցի Էլվին Իբրահիմովը Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանը հատել էր 2019 թվականի մարտի 16-ին։