Մեքենաների ներկրման մաքսատուրք և Վերին Լարս. Մելքումյանը կարևոր հարցեր է բարձրացրել ՌԴ–ում

ԲՀԿ–ական պատգամավորը կարծում է, որ ռուս գործընկերները կկարողանան աջակցել մեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետը երկարաձգելու և Վերին Լարսի խնդիրը լուծելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքի արտոնյալ ժամկետի և Վերին Լարսի ճանապարհային խնդիրների մասին խոսել է Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստում։ Այս մասին հայտնում են Միքայել Մելքումյանի գրասենյակից։

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

«Այս փուլում, երբ քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը ԵԱՏՄ շրջանակներում, ակնկալում ենք մեր ռուս գործընկերների աջակցությունը հետևյալ հարցերում. 2020թ. հունվարի 1-ից ՀՀ համար երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետի հնարավոր երկարացման հարցում կոնկրետ աջակցություն ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում, քանի որ ՀՀ շուրջ 20 հազար քաղաքացի, ըստ էության, կմնա առանց աշխատանքի և եկամուտի, իսկ ՀՀ պետական բյուջեն կկորցնի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար»,– ասել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մելքումյանը:

Կարճատև հաճու՞յք. ի՞նչ է սպասում Հայաստանից մեքենա գնող ղազախստանցիներին

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մեքենաների մաքսազերծումն արվելու է ըստ շարժիչի հզորության: Սա հանգեցնելու է նրան, որ առնվազն 4-4.5 անգամ ավելանալու են այդ մեքենաների արժեքները:

Խոսելով ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունից` ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ 2018 թ–ին այն մոտեցել է ընդհուպ 2 մլրդ ԱՄՆ դոլարի:

«Ռեզերվներն ավելի քան մեծ են, և այստեղ հարցերից կարևորագույնը Վերին Լարսում ճանապարհային խնդիրներն են, ուստի առաջարկում ենք, որ այստեղ գործի մշտական մոնիտորինգի համակարգ երկու երկրների կառավարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու երկրների պառլամենտների միջև»,– նշել է Մելքումյանը:

Նիստը նախագահող ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նշել է, որ Մելքումյանի առաջարկները կներառվեն միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, ուստի և կդառնան քննարկման առարկա:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Փաշինյանի առաջարկի իրական գինը. մեքենայի թանկն է լա՞վ, թե՞ էլեկտրամոբիլի էժանը