ԵՐԵՎԱՆ, հունիսի 29 – Sputnik. Հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանն իր բաժանորդներին կոչ է արել հայտնի էստրադային երգիչ Սոսո Պավլիաշվիլիին շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ։ Այդ առիթով Գալուստյանը շնորհավորական տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Ծնունդդ շնորհավոր, մեր ավագ եղբայր»,– տեսանյութին կից գրել է Գալուստյանը։
Պավլիաշվիլին նշում է 55-ամյա հոբելյանը։
«Լավագույն վրացիներից մեկը, ում ճանաչում եմ։ Թեև բոլոր վրացիներն էլ հզոր են՝ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ։ Սոսո ջան, շատ եմ սիրում, գնահատում, հարգում քեզ, հպարտանում, որ քեզ հետ նույն ժամանակաշրջանում եմ ապրում, որ մեր ժամանակակիցն ես։ Ամենայն բարիք եմ ցանկանում քեզ, փող, սեր, երջանկություն և իհարկե՝ բազում լավ, հոգեթով երգեր»,- նշել է Գալուստյանը։
Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութն ավելի քան 359 հազար դիտում է հավաքել։
Գալուստյանի էջի հետևորդները մեկնաբանություններում շնորհավորել են Սոսոյին և հաճոյախոսություններ գրել Գալուստյանի հասցեին։
«Միշա, կեցցե՛ս։ Դու միշտ անկրկնելի ես։ Սոսո, ծնունդդ շնորհավո՛ր»,– գրել է օգտատերերից մեկը։
«Բարի Միշա։ Որքա՜ն եմ քեզ սիրում։ Սիրում եմ նայել քեզ, լսել և ծիծաղել»,– նշել է մեկ այլ օգտատեր։
Մեկ ուրիշն էլ գրել է. «Սոսո՛, առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցություն»:
Էստրադային երգիչ և կոմպոզիտոր Սոսո Պավլիաշվիլին ծնվել է 1964 թվականի հունիսի 29-ին Թբիլիսիում։ Նա բազմիցս խոսել է հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր սիրո մասին, ինչպես նաև նշել, որ հայերի շրջանում շատ ընկերներ ունի։
Միխայիլ Գալուստյանը ներկայացրել է Comedy–ի աստղերի երևանյան արկածները