ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վրաստանի հայտնի դեպքերից հետո Հայաստանում չեն դադարում զբոսաշրջային հոսքի ավելացման վերաբերյալ քննարկումները: Դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթերի դադարեցումը կհանգեցնի ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի կրճատմանը: Հայաստանում դեմ չէին լինի զբոսաշրջային հոսքի մի մասը Ռուսաստանից այստեղ վերաուղղորդել: Միևնույն ժամանակ, զբոսաշրջային ոլորտի մասնագետների գնահատականներն այդքան էլ միանշանակ չեն:
Մասնավորապես, BVK in Armenia զբոսաշրջային ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Կարախանյանի խոսքով` Հայաստանը չունի զբոսաշրջային այն ծառայությունները, որոնք ռուսաստանցիներին հետաքրքրում են Վրաստանում ամառային սեզոնին, թեև կարող է հանգստի հետաքրքիր տարբերակներ առաջարկել:
«Շատ դիպուկ ասացվածք կա՝ «Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի»: Շատ վատ է, որ ռուս–վրացական հարաբերությունները նման դժվար ժամանակներ են ապրում: Ինչ վերաբերում է զբոսաշրջային հոսքին, ապա համենայն դեպս այսօր նախադրյալներ չկան, որ ամռան շրջանում Հայաստանը կկարողանա հասնել նրան, որ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքն այստեղ վերաուղղորդի: Լավագույն դեպքում կարելի է ավելացնել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ուղևորահոսքը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարախանյանը:
Նա հիշեցրեց, որ ամառային շրջանում ռուսաստանցիները նախևառաջ ծով են նախընտրում, ինչը, ինչպես հայտնի է, Հայաստանում չկա: Հետևաբար, այդ հոսքը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կվերուղղորդվի դեպի Թուրքիա և այլ երկրներ:
«Սակայն Հայաստանն ամեն դեպքում ռուսաստանցի զբոսաշրջիկներին առաջարկելու բան ունի: Կարելի է, օրինակ, գինու տուրեր կազմակերպել և դա անել ոչ միայն նման էքստրեմալ իրավիճակներում, այլ կանոնավոր: Հայկական գինին հատուկ ուշադրության է արժանի: Թեև վրացական գինին ավելի գովազդված է, սակայն մեր գինին էլ չի զիջում իր որակով»,-ասում է փորձագետը:
Հայաստանը նաև կարող է հետաքրքիր գաղափարներ առաջարկել գաստրոտուրիզմի ոլորտում: Մեր երկրում շատ համեղ խոհանոց կա, ծառայությունների որակը բարձր մակարդակի է: Պետք չէ մոռանալ նաև պատմամշակութային հարուստ ժառանգության և տեսարժան վայրերի մասին:
Գրագետ մոտեցման դեպքում կարելի է զբոսաշրջային հոսքն ավելացնել նաև դեպի Սևանա լիճ, կարծում է ընկերության տնօրենը: Սևանում, ցավոք, ճոխ լողափեր չկան, կլիման սառն է, բացի այդ, լողալու սեզոնն այստեղ ընդամենը երկու ամիս է տևում` հուլիս և օգոստոս: Այս օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև ափամերձ հյուրանոցների և քոթեջների սեփականատերերի սահմանած աստղաբաշխական գները հաշվի առնելով` Հայաստանի բնակիչներից շատերը գերադասում են Բաթումի և Քոբուլեթիի լողափերը:
«Սևանի ափը երբեք չի կարողանա մրցել ծովային ափերի հետ, սակայն դա չի նշանակում, որ լիճն իր գեղեցիկ բնապատկերներով և մաքուր օդով անհնար է դարձնել հանրապետության զբոսաշրջային հզոր հաղթաթուղթ: Այս խնդրի լուծումը պետական մոտեցում է պահանջում: Կառավարությունում ափամերձ ենթակառուցվածքների զարգացման նախագիծ կա, սակայն հայտնի չէ, թե այդ ծրագիրն ինչ փուլում է»,- ասում է Օլեգ Կարախանյանը:
Իշխանությունն այս պայմաններում կարող էր ներդրողներ գրավել և ափամերձ հյուրանոցներ կառուցելու նպատակով նրանց արտոնյալ հարկային պայմաններ առաջարկել:
Կարախանյանն այս խնդիրը իրագործելի է համարում: Հյուրանոցները երբեք շատ չեն լինում, իսկ Սևանի մոտ գտնվող հասանելի և հարմարավետ հյուրանոցները հաստատ բավարար չեն: Մեծ ու քրտնաջան աշխատանք է պետք իրականացնել, ինչից հետո կարելի է զբոսաշրջության ոլորտում մեծ ցատկ կատարել, համոզված է մեր զրուցակիցը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում հակառուսական կարգախոսներով և Վրաստանի արտգործնախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի, ինչպես նաև համամասնական կարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներով: Վրաստանի իշխանությունն արդեն համաձայնել է կատարել վերջին պահանջը:
Անկարգությունների պատճառ էր դարձել Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Ընդդիմությունը դժգոհել էր, որ «նման բարձր ամբիոնը տրամադրվել էր մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը»:
Հակառուսական բողոքների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին հրամանագիր ստորագրեց, ըստ որի` հուլիսի 8-ից կդադարեցվի Վրաստանի հետ Ռուսաստանի ուղիղ ավիահաղորդակցությունը: