ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցում արված գրառմամբ հրավիրել է Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլին:
«Բարի գալուստ Հայաստան՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ընդունող երկիր»,- Facebook–ի իր էջում գրել է նա ու Հայաստանի մասին պատմող տեսանյութ հրապարակել:
Մխիթարյանը ֆուտբոլասերներին հրավիրել է «ականատեսը դառնալու Եվրոպայի ապագա աստղերի արարմանը»: Իր գրառումն ավարտել է «ստեղծիր քո ապագան հիմա» հեշթեգով:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այն կանցկացվի հուլիսի 14-ից 27-ը: