Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

Ինչպես առաջ մղել կոնտենտը, ինչից է առաջանում տրաֆիկը, ժամանակակից մեդիաների զարգացման ինչ միտումներ կան, ինչպես են ինտերնետ հոլդինգների և ծառայությունների պահանջները փոխում լրագրությունը. այս ամենի մասին զրուցել են Երևանում անցկացվող SputnikPro կրթական ծրագրի հերթական մոդուլի շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ինտերնետը մեդիահարթակ չէ, և ժամանակակից ԶԼՄ–ների հիմնական խնդիրը տեխնոլոգիական խոշոր ընկերությունների հետ փոխգործակցելն է, այդ պատճառով հայկական ռեսուրսները պետք է օգտագործեն տրաֆիկի բոլոր ալիքները` չանտեսելով դրանցից և ոչ մեկը: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած SputnikPro կրթական ծրագրի հերթական մոդուլի ժամանակ հայտարարեց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ ինտերնետ–տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ֆիլիպովսկին:

Ալեքսեյ Ֆիլիպովսկին հանդիպեց առաջատար հայկական ԶԼՄ–ների, ինտերնետ պարբերականների և առցանց լրատվական պորտալների խմբագիրների հետ: Հանդիպման մասնակիցները ինտերակտիվ շփման ձևաչափում փորձի փոխանակում իրականացրեցին և քննարկեցին հանդիպման գլխավոր թեման` «Կայքի անատոմիա. CMS, լեզուներ, ֆրեյմվորք: Ինչպես են աշխատում web-տեխնոլոգիաները»:

Ֆիլիպովսկին իր ելույթում պատմեց, թե ինչպես ժամանակակից ԶԼՄ–ները կարող են մրցակցել ՏՏ ընկերությունների հետ տրաֆիկի և լսարանի համար: Նրա խոսքով` ցանցը ձևավորվում է խոշոր ինտերնետ ընկերությունների կողմից, որոնք բացարձակ այլ շահեր և նպատակներ ունեն:

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

Ըստ բանախոսի` ժամանակակից բոլոր ընկերությունները պետք է ձգտեն առավելագույնս տարբեր կոնտենտ ունենալ:

«Նախ, կարևոր է հասկանալ, որտեղ են ձեզ կարդում, չէ՞ որ կայքը միակ հարթակը չէ, որտեղ մենք գոյություն ունենք: Դա ընդամենը տարածման կետերից մեկն է: Եթե դուք կոնտենտը չեք տարածում այլ ալիքներով, չեք օգտագործում նույն Google–ի, Յանդեքսի տեխնոլոգիաները, ապա դա զարգացման փակուղային վիճակն է», – նշեց Ֆիլիպովսկին:

Նա ընդգծեց, որ բոլոր լրատվական ագրեգատորները աշխատում են RSS–ի հետ: Նրա խոսքով` բոլոր որոնողական ագրեգատորների հետ աշխատելիս կարևոր է հիշել «լրատվամետ» վերնագրերի մասին, թեև դա ցավալի է դասական լրագրության համար:

«Ռոբոտներն իմաստներ չեն սիրում, չեն հասկանում երկիմաստ, հումորով, հղումային խորամանկ վերնագրերը: Որքան պարզ, այնքան ավելի լավ ռոբոտի համար: Նույնը վերաբերում է տեքստին. որքան հետաքրքիր և վերլուծական հոդվածներ է գրում լրագրողը, այնքան ավելի քիչ է այդ տեքստն ընկալում ռոբոտը: Այսինքն ինտերնետում այդ մոտեցումը չի աշխատում», – նշում է Ֆիլիպովսկին:

Հիշեցնելով, որ որոնման չափանիշները անդադար փոխվում են (մեկ կամ կես տարին մեկ), Ֆիլիպովսկին նաև նշեց, որ այժմ նոր թրենդ է նկատվել բոլոր որոնողական համակարգերի աշխատանքում. Շատ է գնահատվում բացառիկ կոնտենտը, ինչը դասական լրագրության վերադարձ է խոստանում ինտերնետ:

Հայկական ինտերնետ մեդիայի առանձնահատկությունները

Աշխույժ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ տրաֆիկի այնպիսի ձևի մասին տեղեկությունը, ինչպես ուղիղ անցումներն են:

«Հայաստանում դեռ մեծ մեդիալոյալություն է պահպանվում, ինչը էապես հակասում է ինտերնետի զարգացման համաշխարհային միտումներին, քանի որ ամբողջ աշխարհում ուղիղ տրաֆիկի ծավալներն անկում են ապրում», – ասաց փորձագետը:

Սակայն նման դիրքորոշման հետ համաձայն չէ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, որը համոզված է, որ նման միտումը ժամանակավոր է և ուղիղ տրաֆիկն անպայման կվերադառնա:

Ֆիլիպովսկու հակափաստարկին Անանյանն առարկեց. «Այսօր մեդիա ընկերությունների համար միակ ակտիվը դառնում է վստահությունը»:

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

«Իմ կարծիքով, համացանցում շատ է ապատեղեկատվությունը, և մարդիկ իրենց համար լուրերի հուսալի աղբյուր են փնտրում: Այդպես նրանք գտնում ու սկսում են վստահել կոնկրետ ռեսուրսների: Հայաստանում հուսալի տեղեկատվական աղբյուրների թիվը բավական սահմանափակ է, և հակառակը, գոյություն ունեն բազմաթիվ ոչ հուսալի ռեսուրսներ», – ասաց նա:

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

«Հայկական Facebook»

Եվս մեկ թեմա, որը շատ հետաքրքրեց հանդիպման մասնակիցներին վերաբերում էր սոցցանցերին: Ռուսաստանցի փորձագետի հնչեցրած տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում սոցցանցերից ստացվող տրաֆիկը այդքան էլ մեծ չէ` 5-6%–ը լավ ցուցանիշ է համարվում:

«Որպես կանոն, սոցցանցերը սիրում են զարգանալ իրենց ներսում, այլ ոչ թե առաջ մղել մեդիաները», – ասաց Ֆիլիպովսկին:

Սակայն Հայաստանում իրավիճակը դարձյալ տարբերվում է: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին իր տեսակետը հայտնեց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

«Կարծում եմ, Հայաստանում տրաֆիկի մեծ մասը գալիս է սոցցանցերից, մասնավորապես` Facebook–ից: Սակայն դա իր մինուսներն ունի` եթե հանկարծ կայքն արգելափակվում է Facebook–ի կողմից, ապա հարթակը կարող է զրկվել գրեթե ամբողջ տրաֆիկից: Բացի այդ, համացանցի օգտատերերից շատերը ուշադրություն չեն դարձնում թե որ ռեսուրսից են նրանք ստացել այս կամ այն տեղեկությունը», – ասաց նա:

«Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար Սոնա Տռուզյանի խոսքով` հայկական ԶԼՄ–ները պետք է դուրս գան «Facebook–ի ծուղակից»:

«Մենք փորձում ենք բացառիկ պրոդուկտ ստեղծել: Միևնույն ժամանակ, սոցցանցերի օգտատերերը այլ տեղեկություն են ուզում` կրիմինալ պատմություններ, արտակարգ իրավիճակներ, բռնության դեպքեր, այսինքն ավելի ագրեսիվ բովանդակությամբ կոնտենտ: Սակայն այդ լսարանը մենք հիմնական համարել չենք կարող, քանի որ դրանք պատահական անցումներ են: Կարծում եմ, մենք կարող ենք մեր աշխատանքն այնպես կարգավորել, որպեսզի կարողանանք դուրս գալ «Facebook–ի ծուղակից», որի վրա է այսօր կառուցվում ամեն բան», – ասաց Տռուզյանը:

Facebook-ի ծուղակն ու տրաֆիկը. հայկական ԶԼՄ–ների ղեկավարները հանդիպեցին ռուս փորձագետի հետ

Նրա խոսքով` աշխարհում արդեն այլ գործիքներ կան, որոնց շնորհիվ զարգանում է մեդիաոլորտը:

«Կարծում եմ կարելի կլինի հաղթահարել այս փուլը և վերադառնալ դասական լրագրությանը, բայց հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները: Դա պետք է սինթեզ լինի», – ասաց նա` ընդգծելով նման հանդիպումների կարևորությունն ու գործընկերների հետ փորձի փոխանակումը:

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար: Ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը: SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում: Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին:

Հայաստանում SputnikPro–ն անցկացվում է 8-րդ անգամ: Նախագծին մասնակցելն անվճար է:

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում: Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի: Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ: Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում: Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում: