ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Աբխազիան Վրաստանի հետ պետական սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակում է մտցրել։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան։
Նշվում է, որ նման որոշման պատճառը Վրաստանում բռնկած բողոքի ալիքն էր։ Բողոքի ակցիաներ են ընթանում Աբխազիայի սահմանին գտնվող Զուգդիդի շրջանում։ Այս կապակցությամբ Աբխազիան արձագանքման համալիր միջոցներ է ձեռնարկում։
Սահմանափակվել է Վրաստանից օտարերկրյա քաղաքացիների մուտքը և Աբխազիայի բնակիչների ելքը դեպի Թբիլիսի։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում հակառուսական կարգախոսներով և Վրաստանի արտգործնախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի, ինչպես նաև համամասնական կարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով։ Վրաստանի իշխանությունն արդեն համաձայնել է կատարել վերջին պահանջը։
Անկարգությունների համար պատճառ էր հանդիսացել Թբիլիսիում խորհրդարանական ամբիոնից ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում։ Ընդդիմությունը դժգոհել էր, որ «նման բարձր ամբիոնը տրամադրվել էր մարդու, որը կողմ է Աբխազիայի անկախությանը»։
Թբիլիսիում հարձակվել են «Ռոսիա 24»–ի նկարահանող խմբի վրա
Հակառուսական բողոքների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին հրամանագիր ստորագրեց, ըստ որի հուլիսի 8-ից կդադարեցվի Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։