ՍԴ–ում ճգնաժամ կա. ԱԺ նախագահը սպասում է Հրայր Թովմասյանի «ծանրակշիռ խոսքին»

ՍԴ–ի ճգնաժամը միայն ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված։ ԱԺ նախագահը հիշեցնում է այնտեղ տարիներ շարունակ աշխատած անձանց մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստանում է պատգամավորներին բաժանել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանից ստացած նամակը։ Այս մասին այսօր Միրզոյանն ասել է ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում։

Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը

Ինչ վերաբերում է նամակում Վահե Գրիգորյանի արձանագրած ճգնաժամին, Արարատ Միրզոյանը ևս համաձայնել է այդ որակման հետ։

«Պետք է այնուամենայնիվ ընդունենք չէ՞ որ կա հասարակության անվստահություն ՍԴ–ի նկատմամբ։ Դա նոր չէ և դա հեղափոխությունից հետո չէ, եղել է տասնամյակներ շարունակ, և մարդիկ նաև հարցեր են բարձրացնում Հրայր Թովմասյանի ընտրության հետ կապված»,– ասել է նա։

Այդուհանդերձ, Արարատ Միրզոյանը համաձայն չէ այն գնահատականներին, թե իշխանությունը մտադիր է Վահե Գրիգորյանի միջոցով վերցնել Սահմանադրական դատարանը։

Ինչ վերաբերում է ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, Միրզոյանը հիշեցրել, է որ նման իրավասությամբ որևէ մեկը Հայաստանում օժտված չէ։

Բոզոյան․ «ՍԴ նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես Գագիկ Հարությունյանը»

«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի հանուն հանգուցալուծման» ,– ասել է Միրզոյանը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ ՍԴ ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված, այլ ՍԴ ինստիտուտի նկատմամբ անվստահության, դրանում տարիներ շարունակ ներգրավված անձանցով, որոնք, նրա խոսքով, «ավելին են, քան միայն մեկ հոգին` Հրայր Թովմասյանը»։

Հիշեցնենք, ՀՀ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն այսօր նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա:

Այս նամակը հետևեց մեկ օր առաջ` հունիսի 27-ին ՀՀ ՍԴ կայացրած այն որոշմանը, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցի Սահմանադրական դատարանում մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների քննությանը` շահերի բախում թույլ չտալու համար։

Որոշումը հրապարակվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ստորագրությամբ։

Մինչ այդ Վահե Գրիգորյանը ևս տարբեր առիթներով հայտարարել էր, որ այդ դիմումների քննությանը չի մասնակցի, քանի որ այդ գործերով նախկինում դատավարական կողմ է եղել։

Բանն այն է, որ Վահե Գրիգորյանը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանն է եղել, սակայն ՍԴ դատավոր ընտրվելուց հետո հրաժարվել է այդ գործից: