ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է աշնանը Հայաստան այցելել։ Այս մասին այսօր հայտնել է Դաշնային ժողովի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Նրա խոսքով` այցը կարող է համատեղվել Գյումրիում երկու երկրների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման հետ։
Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Վորոբյովը նշել է, որ նիստը մոտավորապես հոկտեմբերի վերջին է կայանալու։ Օրերը դեռ հստակ հայտնի չեն, քանի որ դա կապված է նաև պաշտոնական այլ այցերի հետ։
«Վալենտինա Մատվիենկոն պետք է աշնանը Հայաստան գա, հնարավոր է` համատեղենք նրա այցն ու մեր միջոցառումը», –ասել է Վորոբյովը։
Այսօր Մոսկվայում կայացել է ՌԴ Դաշնային Ժողովի ու ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Վորոբյովի խոսքով` նիստում քննարկվել է «շատ կարևոր հարց. ինչպես լավացնել հարաբերությունները հանրային կապերի, հասարակական կազմակերպությունների միջոցով»։
Նիստին մասնակցել են հայկական պատվիրակությունը` ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, Դաշնային Ժողովի անդամները, Պետդումայի պատգամավորները, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։