Ինչի՞ համար է վրացական բիզնեսը Դիլիջան եկել. Չիկովանին փակագծեր է բացել

Հայաստանն ու Վրաստանը միասնական զբոսաշրջային պրոդուկտ են մշակում երկու երկրներում զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Վրաց գործարարները Դիլիջանում անցկացվող ֆորումին մասնակցելու են եկել նախևառաջ գործընկերներ գտնելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին։

Չիկովանին Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ–վրացական բիզնես–ֆորումին, որն անցկացվում է Դիլիջանում հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակում։

Հայ-վրացական բարեկամության «ավանդական բաղադրիչը». ի՞նչ են համտեսել Ավինյանն ու Ցկիտիշվիլին

«Վրաց գործարարները մտադիր են Հայաստանում գործընկերներ գտնել։ Այստեղ են գտնվում բիզնեսի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, և սա հիանալի հարթակ է կապեր հաստատելու համար», – ասաց Չիկովանին։

Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանը միասնական տուրփաթեթ են մշակում, որը թույլ կտա երկու երկրներ զբոսաշրջային մեծ հոսք ապահովել։ Վրացիները հետաքրքրված են նաև Հայաստանից չրերի արտահանմամբ։

Նշենք, որ վերջին շրջանում հայկական արտադրանքը Վրաստանում մեծ պահանջարկ է վայելում։ Վրացական շուկայում ներկայացված են, մասնավորապես, հայկական չրերը, ըմպելիքները և այլն։

Թբիլիսիում ընթացող ցույցերի պատճառով Աբխազիան ժամանակավորապես փակել է սահմանը

«Ֆորումի շրջանակում երկկողմ հանդիպումները, երկու երկրների ներուժը ներկայացնող շնորհանդեսները լավ հիմք կդառնան հարաբերությունների հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ավելացման, ինչպես նաև ներդրումների աճի համար», – ասաց Չիկովանին։

«Մեծ ներուժ կա». Վրաստանի փոխվարչապետն ամփոփեց հանձնաժողովի նիստի արդյունքները

Ֆորումին ավելի քան 200 գործարար է մասնակցում ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից։ Նրանք ներկայացնում են զբոսաշրջության, դեղագործության, անշարժ գույքի և տրանսպորտի և այլ ոլորտներ։ Ֆորումի կազմակերպիչներն են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատներն ու էկոնոմիկայի նախարարությունները։

Հիշեցնենք, որ Երևանում նախօրեին 7 տարի տևած դադարից հետո անցկացվեց միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Նիստի անցկացման հարցը բարձրացվել է դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Երևան` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետը այն ժամանակ հանդես եկավ ապրանքաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու գրավիչ առաջարկով։