ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարություն է տարածել Արարատ Միրզոյանը։
«ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում»,- նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներ հրաժարական էին ներկայացրել դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։
Խորհրդում հրաժարականները մեկնարկեցին ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականով, նրան հետևեց նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած Գևորգ Դանիելյանը: Ավելի ուշ հրաժարական ներկայացրեցին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։
Արարատ Միրզոյանն առաջարկում է փոխել պետական մարմինների անդամների ընտրության կարգը
ՀՀ գործող Սահմանադրության համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա 10 անդամ։ Նրանցից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս 5-ին` խորհրդարանը՝ 5 տարի ժամկետով:
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել