ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանում ապրում են ոչ միայն մեծ սրտով, այլև փայլուն մտքով մարդիկ։ Այսօր այս կարծիքը հայտնեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, որը հերթական անգամ Հայաստան է եկել։
Ջորկաեֆը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Վանաձորում մասնակցեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումներին։
Այստեղ նա տեսավ հեռակառավարվող «խելացի» կողպեքներ. տարրական մասնիկների արագացուցիչների մասեր, երևանցի դպրոցականների ստեղծած պիեզոէլեկտրական սարքը, որի ձայնը էլեկտրաէներգիայի է վերածում, հաշմանդամի սայլակի նոր մոդել և բազում այլ նորույթներ։
Յուրի Ջորկաեֆը դարձել է հայկական ապրանքանիշի դեսպան
«Իմ ոտքերը միշտ ավելի ակտիվ են եղել, քան ձեռքերս։ Բայց ինձ միշտ հետաքրքիր է հետևել մարդկանց, որոնք իրենց մտքով, իրենց ձեռքերով կարողանում են զրոյից ինչ–որ հետաքրքիր բան ստեղծել։ Շատ տպավորված եմ այն ամենով, ինչ ստեղծում են հայ ինժեներներն ու մաթեմատիկոսները», – նշեց ֆուտբոլի աստղը։
Ջորկաեֆն աշխարհի ամենաճանաչված հայազգի ֆուտբոլիստներից է: Նրա հայրը՝ ժամանակին հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը, ծագումով կալմիկ է, մայրը՝ հայ: Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի 90-ականների «ոսկե» հավաքականի անդամ էր, 1998-ին՝ աշխարհի, 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանի դափնեկիր է:
Ջորկաեֆի դպրոցական շարադրությունը կամ ինչու՞ Թուրքիան չսիրեց տաղանդավոր ֆուտբոլիստին