Հայաստանի մենաշնորհային շուկաներում իներցիոն վախ կա. ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածուն պատրաստ է հարցերին կփորձի պատասխանել ընտրվելուց հետո։ Իսկ նրան պետք է ընտրի Ազգային ժողովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ապրանքային որոշ շուկաներում մենաշնորհները պահպանվում են իներցիոն վախի պատճառով։ Այսօր ԱԺ–ում նման տեսակետ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Պետությունն իր գործառույթներն իրականացնում է, բոլոր խոչընդոտները փորձում է վերացնել` հնարավորություն տալով տվյալ ապրանքները ներմուծել։ Շուկան ազատ է, և ով ուզում է, կարող է տվյալ ապրանքը ներմուծել։ Ստեղծվում են հավասար պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան մուտք գործել համապատասխան շուկա։ Թե՛ իներցիոն վախ կա, թե՛ մարդիկ չեն կարողանում ինչ–ինչ պայմաններով շուկա մուտք գործել, այս հարցերին կփորձեմ պատասխանել արդեն իմ ընտրվելուց հետո»,– ասաց Սեդրակյանը։

Հանձնաժողովի անդամի թեկնածուն նաև նշեց, որ հանրության և տնտեսավարողների մոտ հարկավոր է բարձրացնել հանձնաժողովի նկատմամբ վստահությունը` ապահովելով հանձնաժողովում իրականացվող աշխատանքների թափանցիկությունը։

Ինչպե՞ս վարվել շաքարավազի մենաշնորհի հետ. Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի

Նշենք, որ ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունը առաջադրել է 1 տարի ժամկետով:

ՏՄՊՊՀ նոր անդամի թեկնածուն քննադատեց այդ կառույցի աշխատանքը

ԱԺ–ն այսօր հանդիպել է նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում ՀՀ վարչապետի` 2 տարի ժամկետով առաջադրած թեկնածու Էդգար Ճաղարյանի հետ։

Նրանց ընտրությունը նախատեսված է այսօր` փակ գաղտնի ընթացակարգով։

ՊԵԿ-ը զրկվեց ՀԴՄ-ներ ներկրելու ու վաճառելու մենաշնորհից