«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»

«ՀԿԵ»–ում ցանկացած ծավալներով նավթամթերքի փոխադրումների համար գործում է միասնական սակագին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նավթամթերքի, այդ թվում նաև դիզելային վառելիքի, փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀԿԵ»–ն` արձագանքելով այսօր Ազգային Ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ելույթին։

Բենզինը թանկացել է. մրցակցային մարմինը հակամրցակցային չարաշահումների հետքեր է փնտրում

Ինչպես արդեն հայտնել էինք, Ճաղարյանն ասել էր, որ ՀԿԵ-ն դիզվառելիքի փոխադրման համար խոշոր ընկերությունների համար կիրառում է, այսպես կոչված, հատուկ սակագին, որը շուրջ 70 տոկոսով էժան է սահմանված սակագնից։

«Ցանկացած ծավալներով նավթամթերքի փոխադրումների համար գործում է միասնական սակագին: «ՀԿԵ» «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։ Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»,–նշված է «ՀԿԵ»–ի հաղորդագրության մեջ։

Հաճելի հանգիստ. Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նոր անդամի թեկնածուն հայտնել էր, որ շուկա մտած ընկերությունը, ասենք 1000 տոննա վառելիք փոխադրելու համար բախվում է անհավասար մրցակցային պայմանների։