Գոռ Ներսեսյանն ու Կարեն Տոնականյանը Մինսկից կվերադառնան բրոնզե մեդալներով

Գոռ Ներսեսյանը մենամարտեց բրիտանացու, իսկ Կարեն Տոնականյանը` Բելառուսի ներկայացուցչի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ծանր գոտեմարտ էր. Մինսկում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Դավիթ Գրիգորյանը

Մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց:

Կարեն Տոնականյանը ևս բրոնզ նվաճեց Եվրոպական խաղերում։

Կիսաեզրափակիչ մենամարտին հայ բռնցքամարտիկը մասնակցեց ձախ ձեռքի բութ մատի կոտրվածքով և 1։4 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանովին։

Մենամարտից հետո Կարեն Տոնականյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում խոսել է մենամարտի մասին։

«Փորձել էի ինձ տրամադրել, որ վնասվածքս ինձ չխանգարի, բայց ձախ ձեռքով չէի կարողանում ընդհանրապես աշխատել, քանի որ սա ուղղակի վնասվածք չէ, այլ կոտրվածք։ Ինչ կարողացա, մեկ ձեռքով արեցի: Վստահ եմ, որ եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա»,– ասել  է նա։

Եվրոպական երկրորդ խաղերն անցկացվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում և կտևեն մինչև ամսի 30-ը:

Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ