Դիտարժան ավիաշոու, ռազմատեխնիկայի նոր նմուշներ. «Էրեբունի» ավիակայանում տոն էր

Չնայած Երևանում գրանցած 40 աստիճան շոգին, ավիաշոուին մասնակցող տեխնիկան իրեն լավ դրսևորեց և չխափանվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Երևանի «Էրեբունի» ռուսական ավիակայանն այսօր իր դռներն է բացել դիտարժան ավիաշոուի սիրահարների, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի և սպառազինության նմուշների հետ ծանոթանալ ցանկացողների համար։ Հանդիսավոր միջոցառումը նվիրված է «Բանակ 2019» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որն այս օրերին անցկացվում է Մերձմոսկվայում։

Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու սպառազինության ժամանակակից և պատմական նմուշներին, ռազմական և հատուկ տեխնիկային, զորքերի տարբեր տեսակների հանդերձանքին։

Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

Տոնի մասնակիցները դիտեցին ավիաշոուն, որի ժամանակ իրականացվեցին ՄիԳ-29 կործանիչների և բանակային ավիացիայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների ցուցադրական թռիչքները։ Կործանիչների օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին։ Ի դեպ, կործանիչներից մեկի ղեկին էր ավիակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։

«Բազմաթիվ քաղաքացիներ արձագանքեցին մեր հրավերին։ Բաց դռների այս օրերն արդեն ավանդույթ են դարձել. մարդիկ հաճույքով գալիս են մեզ մոտ։ Դա իհարկե, ուրախալի է», – լրագրողների հետ զրույցում թռիչքից հետո ասաց գնդապետը։

Նրա խոսքով` ռազմատեխնիկական ֆորումի նպատակն է տարբեր եղանակային պայմաններում փորձարկել ռազմատեխնիկան։ Չնայած Երևանում գրանցած 40 աստիճան շոգին, ավիացիոն տեխնիկան իրեն հիանալի է դրսևորում, և դրա աշխատունակության հարցում որևէ կասկած չկա։

«Այստեղ, իհարկե, ամենանոր ինքնաթիռները չեն։ Նրանք լրացուցիչ մշակում են անցել գործարաններում, հասել են չորրորդ սերնդի ինքնաթիռների մակարդակին։ Մենք նույնիսկ ինքնաթիռներ ունենք, որոնք արդիականացվել են մինչև «4+» սերնդի մակարդակի։ Ընդհանուր առմամբ, եղանակային պայմաններն ազդում են, սակայն ինչպես տեսաք, ավիացիոն տեխնիկան արդարացրեց իրեն», – նշեց Պետրովը։

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Տոնական մթնոլորտն և լավ տրամադրությունն ապահովեցին Ստավրոպոլի երկրամասի ստեղծագործական կոլեկտիվները։

Նման միջոցառումներ անցկացվում են Ռուսաստանի ՊՆ գրեթե բոլոր ավիաստորաբաժանումներում։

ՀՌՕ–ի «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը կշարունակվի մինչև հունիսի 30-ը, ինչպես «Էրեբունի» ռազմակայանի տարածքում, այնպես էլ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի «Պատրիոտ» պարկում:

Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչները։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում տեղակայված մասերից ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։

2013 թվականի վերջին ավիակայանի կազմում ընդգրկվել է ուղղաթիռային էսկադրիլիան։ 2015 թվականի դեկտեմբերին 2016 թվականի փետրվարին ՌԴ–ից այստեղ են տեղափոխվել հարվածային Մի-24Պ–ներն ու ռազմատրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռները։