ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԵԱՏՄ անդամակցությունը մեծ հնարավորություններ է բացում արտասահմանյան բիզնեսի համար։ Հայ–վրացական գործարար համաժողովի բացման ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Արտասահմանյան բիզնեսը Հայաստանի օգնությամբ կարող է ԵԱՏՄ–ի 183-միլիոնանոց շուկա դուրս գալ, որի միասնական ՀՆԱ–ն 1.6 տրիլիոն դոլար է կազմում», – ասաց Ավինյանը։
Նրա խոսքով` վերջին ժամանակաշրջանում Հայաստանում տնտեսական աճ է նկատվել ոչ թե իներցիոն, այլ որակական փոփոխություններով պայմանավորված։
Հայաստանի ՀՆԱ–ն 2018 թվականին, անցած տարվա համեմատ, աճել է 5,2%–ով։ 2019 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշն աճել է 7,1%–ով, տնտեսական ակտիվությունն ապրիլին կազմել է 9,2%, մայիսին` 7,3%։
Նա ընդգծեց, որ Հայաստանում վերջին շրջանում դրական դինամիկա է նկատվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում։
Փոխվարչապետի խոսքով` շատ կարևոր է, որ այս միջոցառումն արդյունավետ անցնի, իսկ բեղմնավոր համագործակցության արդյունքները պտուղ տան մոտ ապագայում։
«Մեր երկրների միջև ակտիվ երկխոսություն է տարվում տարբեր մակարդակներում։ Մենք խորապես համոզված ենք, որ տնտեսական համագործակցությունը մեծ ներուժ ունի, և մեր նպատակն է աջակցել դրա իրականացմանը։ Այդ առումով գործարար համաժողովը լավագույն հարթակն է», – ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը կարծում է, որ ֆորումը հնարավորություն կտա ծանոթանալ երկու երկրների ներուժին, տնտեսական վիճակին, ներդրումային միջավայրին, ինչպես նաև կօգնի բիզնես կապեր հաստատել երկու երկրի միջև։ Նրա խոսքով` մեծ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտում հարաբերությունները զարգացնելու համար։
Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին իր հերթին, ամփոփելով միջկառավարական հանձնաժողովի արդյունքները, նշեց, որ երեկ կողմերը արդյունավետ աշխատեցին և բազմաթիվ հարցեր քննարկեցին։
«Մշակույթի, կրթության, սպորտի, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկեցինք։ Մենք եկանք այն եզրակացության, որ մեր երկխոսությունը արդյունավետ չի լինի, զգալի արդյունքներ չի բերի, եթե չկարգավորվի երկու երկրների բիզնեսների միջև կապը, չօգտագործվի առկա ողջ ներուժը», –գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց Ցկիտիշվիլին։
Ցկիտիշվիլին նշեց, որ Վրաստանը կարող է հայկական բիզնեսին շատ բան առաջարկել` հիշեցնելով, որ երկիրը 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում բիզնեսի պարզեցված գրանցման առումով։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում 7 տարվա ընդմիջումից հետո անցկացվեց միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Այսօր Դիլիջանում միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվում է հայ–վրացական գործարար համաժողովը։