ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ ինքը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ կոշտ հայտարարություն չի արել։ Նա այս մասին ասաց այսօր Աժ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Չեմ կարծում, թե իմ արձագանքը կոշտ էր, բավականին գործընկերային էր։ Ասել եմ ու էլի եմ կրկնում` ցանկացած երկրի դեսպան իրավունք ունի հանդիպումներ ունենալ քաղաքական, հասարակական դաշտի ամբողջ սպեկտրի տարբեր ներկայացուցիչների հետ: Նորմալ գործընթաց է»,– ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց, որ ինքը պարզապես չի ողջունել դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի շփումը։
«Ես համարում եմ, որ այն մարդը, որի մասին եղել է խոսքը, ոչ թե սովորական քաղաքական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջադրված: Ինքն անցնում է շատ կոնկրետ քրեական գործով և այս պարագայում որևէ երկրի դեսպանի հետ շփումները, կոնսուլտացիաները կարող են ինչ-որ պահի մեկնաբանվել իբրև ոչ պատշաճ կամ ոչ հարիր: Այս կոնտեքստում ես ասել եմ, որ չեմ ողջունում դեսպանի հանդիպումը և հիմա էլ կրկնում եմ նույնը»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք` հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Կոպիրկինն ու Քոչարյանը հանդիպել են, և հանդիպումը կայացել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում, որը գտնվում է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում։
Հունիսի 16-ին Միրզոյանն ասել էր, որ «չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես կողջուներ Ռուսաստանի դեսպանի կամ որևէ այլ դեսպանի շփումը նրա հետ»։