Կարկուտը ծեծած տեղն է ծեծու՞մ. Շիրակում նախորդի վնասը չհաշված նոր կարկուտ եկավ

Հատուկ հանձնաժողովը դեռ չէր հասցրել ամփոփել հունիսի 24-ին Շիրակի մարզում տեղացած կարկուտի վնասները, երբ վրա հասավ նորը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հունիսի 26-ին նորից կարկտահարություն է եղել Շիրակի մարզում: Այս  անգամ տուժել են հիմնականում մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների գյուղական համայնքները:

20 րոպե տևած կարկուտը  վնասել է 14 գյուղերի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Թեև դեռ վաղ է  խոսել վնասի չափերից, բայց որոշ համայնքներում արդեն ակնհայտ  է ՝ բնության տարերքն ավերել է ամեն ինչ: 

«Ո՞րն ասեմ, ամբողջը վնասվել է». ի՞նչ է կատարվում Շիրակի մարզում տեղացած կարկուտից հետո

Ահազանգից անմիջապես հետո, տուժած գյուղեր այցելած մարզային գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝ տուժած գյուղերից շատերում վնասը մեծ է: «Շիրակում օրինակ ահավոր է  առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանաք ասել ուսումնասիրությունից հետո»:

Խոսելով նախորդ կարկտահարության վնասի մասին՝ պատասխանատուն փաստեց. «Դեռ ամբողջական պատկեր չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս գրանցվել է: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են  Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել: Այստեղ կարկուտը  գետնին է հավասարեցրել գրեթե բոլոր մշակաբույսերը»,-պատմում է Մովսես Մանուկյանը:

Հավելենք, վաղվանից նոր  հանձնաժողով կձևավորվի ու ուսումնասիրություններ կկատարի նոր գյուղերում: Սա  այս ամսվա կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝  պատճառելով 560 մլն դրամի վնաս: Գրեթե նույն վնասը կանխատեսվում  է  հունիսի 24-ի կարկտահարությունից, իսկ հունիսի 27-ին ավելի շատ՝ տարածքն ավելի մեծ է Շիրակից մինչև  Գեղանիստ: