ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տեղակալ Արտյոմ Կոժինը։
«Երևի նկատի ունեք այն, որ հայ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել։ Ոչ մի սարսափելի բան չկա։ Որքան հասկանում ենք, ելնելով հենց պատգամավորի մեկնաբանություններից, նա պարզապես քվեարկելիս շփոթել է կոճակները։ Իրականում նա «կողմ» է քվեարկել»,- ասել է Կոժինը:
Նշենք, որ հունիսի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:
Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում էր:
«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամները` Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը ու Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:
Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է և այլևս հնարավոր չէ փոփոխություն: