«Մեծ ներուժ կա». Վրաստանի փոխվարչապետն ամփոփեց հանձնաժողովի նիստի արդյունքները

Հայաստանում ավարտվեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը տնտեսական ոլորտում հարաբերությունների խորացման ու ապրանքաշրջանառության մեծացման մեծ ներուժ ունեն։ Այսօր հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը շատ բարձր մակարդակում է. Ավինյան

Խոսքը տնտեսական ոլորտում երկկողմանի ապրանքաշրջանառությունը տարեկան 1 միլիարդ դոլար հասցնելու մասին է։ Այս մասին 2018 թվականի սեպտեմբերին Երևան կատարած իր այցի ժամանակ ասել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

«Մեր երկրների միջև մեծ ներուժ կա։ Ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմն ամեն բան անում են առևտրի մակարդակի բարձրացման համար, որ այն ավելի պարզեցված սխեմայով իրականացվի ու ավելի ակտիվ լինի։ Հուսով ենք` առաջիկայում ապրանքաշրջանառության ցուցանիշները կաճեն», – ասաց Ցկիտիշվիլին։

Նրա խոսքով` այդ ուղղությամբ դրական դինամիկա կա։ Այս կոնտեքստում նա ընդգծեց նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացումը։

Ցկիտիշվիլիի խոսքով` նիստում քննարկվել են տնտեսական համագործակցության, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտի, կրթության ու մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը։

Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են հարաբերությունները նոր մակարդակի հասցնել

«Հստակ նախագծեր չկան, դրանք չեն քննարկվել այսօրվա նիստում։ Այստեղ մենք ավելի սկզբունքային հարցեր ենք քննարկում», – ասաց Ցկիտիշվիլին։

Փոխվարչապետն հավելեց, որ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա մինչ 2020 թվականը։

«Բոլոր ուղևորներին բաց են թողել, բացի մեկից». Լարսում մնացած ավտոբուսը ճանապարհ է ընկել

Ավելի վաղ Հայաստանի ու Վրաստանի փոխվարչապետներ Տիգրան Ավինյանն ու Մայա Ցկիտիշվիլին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքում արձանագրություններ են կնքել։